ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց 1992-1993 թվականներին ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ
- Պարո՛ն Հարությունյան, որո՞նք են, ըստ Ձեզ, Հայաստանի Հանրապետության 25-ամյա անկախության ամենաէական ձեռքբերումն ու բացթողումը:
- Բացթողումներ շատ ենք ունեցել, բայց ձեռքբերումներն էլ են շատ: Ես կընտրեմ ամենակարևորները:
Դա նախևառաջ պետական կառավարման համակարգի ձևավորումն է: Երկրորդը՝ ամենաէականներից մեկը, Արցախյան պատերազմի հաղթանակն է, որն ուղղակիորեն նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության արդյունք է: Երրորդը` անվտանգության պատվարը, բանակը, և անվտանգության ամբողջ համակարգն Արցախի հետ:
Անշուշտ, մենք պետք է խոսենք նաև Սահմանադրության մասին: Մենք ունեցել ենք երեք (պայմանական ասած) Սահմանադրություն, որոնք, ըստ էության, աստիճանաբար հանրային կյանքը տեղափոխում են ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության ձևավորման հունի վրա:
Պետք է արձանագրել նաև, որ Հայաստանը, դառնալով ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի, միջազգային կարևորագույն այլ կազմակերպությունների անդամ, իր մնայուն և կարևոր մասնակցությունն ունի ամենատարբեր միջազգային գործընթացներում: Հայաստանն այսօր միջազգային միջպետական հարաբերություններում ունի կայուն և վստահելի գործընկերոջ համարում:
Մեկ խոսքով ամփոփելով՝ կարելի է ասել, որ այս 25 տարիների ընթացքում մեզ հաջողվել է թե´ արտաքին քաղաքականության ոլորտում ձեռք բերել միջազգային հեղինակություն և թե´ ներսում ձևավորել դինամիկ զարգացման համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ: Սրանք ամենաէական ձեռքբերումներն են:
- Ի՞նչ բարեմաղթանքներ ունեք անկախության 25-ամյակի կապակցությամբ:
- Հետադարձ հայացք նետելով մեր 25-ամյա պատմությանը՝ մենք անկասկած կգտնենք յուրաքանչյուրիս ոգևորող էջեր: Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք ապագան այդ ոգևորության լիցքով ձևավորել: Շատ կցանկանայի, որ կարողանայինք մեր զավակներին թողնել դինամիկ զարգացող, անվտանգ, միջազգային հարաբերություններում սեփական պատասխանատվություն, ազդեցիկ դերակատարում ունեցող Հայաստան, որտեղ յուրաքանչյուր ոք՝ հայազգի թե ոչ, լիարժեք և արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենար: Այդպիսի Հայաստան կմաղթեի բոլորիդ: