Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25-րդ տարեդարձը: 25 տարիներ, որոնց ընթացքում անցել ենք դժվարությունների միջով, սակայն գրանցել ենք նաև բազմաթիվ հաջողություններ: Հայաստանի Հանրապետության կայունացման և զարգացման, ինչպես նաև ազգային շահերի և նպատակների արդյունավետ իրագործման գործում, անշուշտ, իր մեծ նպաստն է ունեցել Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունը:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ունի հզոր ներուժ, որի վերջին ամենավառ դրսևորումներից էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ համատեղ ջանքերով կյանքի կոչված մի շարք ծրագրերը: Բավական է հիշել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը, ինչպես նաև մի քանի երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:
Սա միևնույն հարցի շուրջ համախմբված գործելու արդյունք էր, ինչը, բնականաբար, պետք է լինի շարունակական: Այս համատեքստում կարևոր է, որպեսզի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հարաբերությունները կառուցված լինեն մինյանց կարիքներն ու ակնկալիքները հաշվի առնելու տրամաբանության վրա, իսկ համագործակցությունը լինի թիրախավորված և հավասարակշիռ:
Կարևոր է, որպեսզի համագործակցության օրակարգը ներառի մի կողմից Հայաստանի հզորացմանը, զարգացմանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր, մյուս կողմից` ԼՂՀ ինստիտուտների առավել կայացվածությանը, ճանաչման գործընթացին, անվտանգությանը վերաբերող խնդիրները, իսկ մյուս կողմից էլ` Սփյուռքում մեր համայնքներին հուզող հարցերը: