Նոյեմբերին Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում նախատեսվում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը:
Բանաձևը ներկայացրել է «Կանաչների կուսակցությունը», որը 199 հոգանոց խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորով, թուրքական Haberler կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիա-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի նախկին նախագահ, Թուրքիայի հարցերով մասնագետ Թամաս Հեգեդյուսը տեսակետ է հայտնել, որ «Հունգարիան հայկական հարցում Գերմանիայի պես չի վարվի»:
Խոսելով խորհրդարանում բանաձևի քննարկման մասին Հեգեդյուսը համոզմունք է հայտնել, որ այն քվեարկության չի դրվի:
«Չեմ կարծում, որ Հայկական հարցում Հունգարիան այնպիսի քայլ կանի, որը նման լինի Գերմանիայում կատարվածի հետ: Հունգարիայում մեծ կուսակցությունները չեն աջակցում պատմական դեպքերը խորհրդարանում քվեարկության դնելուն», - ասել է նա:
Հեդեգյուսի կարծիքով՝ երրորդ երկների խորհրդարաններում ցեղասպանության հարցի քննարկումը դրա լուծման համար օգտակար չի լինի, հակառակը՝ ավելի կբարդացնի: Հունգարացի գործիչը համոզված է, որ սա միայն Թուրքիայի և Հայաստանի հարցն է, իսկ արտաքին յուրաքանչյուր միջամտություն ավելի շատ վնասում է, քան օգնում: