ՄԱԿ հովանու ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտնել է, որ Հալեպի մոտ 2 մլն բնակիչ ընթացող մարտերի արդյունքում մնացել է առանջ ջրամատակարարման, gazeta.ru-ի փոխանցմամբ ասված է կազմակերպության պաշտոնական էջում:
«Վնասվել է Բաբ-ալ-Նայրայի ջրամատակարարման համակարգը, ինչն ապահովում է Հալեպի արևելյան շրջանների ավելի քան 250 հազար բնակիչներին ջրամատակարարումը: Բացի այդ անջատվել է նաև Սուլեյման-ալ-Հալաբի ջրամատակարարման համակարգը, որը ևս տեղակայված է արևելյան շրջանում: Դադարեցված են քաղաքի հարավային շրջանների ավելի քան 1.5 մլն բնակիչների ջրամատակարարումները»,- մասնավորապես ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը նշում է, որ ջրամատակարարումների դադարեցումը բնակիչների, այդ թվում՝ երեխաների համար կարող է դառնալ հիվանդությունների առիթ, քանի որ մարդիկ ստիպված կլինեն խմել ջրամբարների կեղտոտ ջրից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ պատրաստ է մեծացնել մարդկանց՝ ջրի տեսքով հումանիտար օգնության ծավալները, սակայն դա ժամանակավոր քայլ է, որը խնդրին չի տա երկարաժամկետ լուծում: