Ուկրաինական իշխանությունները համաձայնել են Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրել, հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայեդենը՝ վստահութուն հայտնելով, որ Կիևը կպահի իր խոստումը:
«Սա բավականին բարդ քայլ է, որ նրանք համաձայնել են ձեռնարկել: Ես հավատացած եմ, որ նրանք դա կանեն», – Բայդենի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»: Բայդենը որոշման բարդությունը Կիևի համար նմանեցրել է Վաշինգտոնի համաձայնությանը Տեխասի հատուկ կարգավիճակին՝ այնտեղ Մեքսիկայի ազդեցության աճի նպատակով:
«Մեր խնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ երբ Ուկրաինան սխալներ է անում, իսկ դրանք նրա մոտ շատ են, Եվրոպան չկարողանա ասել, որ «Այս ամենը չի աշխատում Ուկրաինայի պատճառով»», - հավելել է նա:
Ավելի վաղ Բայդենը նախազգուշացրել էր Կիևին, որ եթե Ուկրաինան շարունակի չկատարել իր ստանձնած լիազորությունները, ԵՄ-ն կարող է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
«Մենք գիտենք, որ եթե նրանք ԵՄ-ին առիթ տան, ներկայումս առնվազն 5 երկիր կա, որոնք ցանկանում են ասել՝ «Մենք ուզում ենք դուրս գալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներից»»,- հայտարարել է Բայդենը:
Նրա խոսքերով՝ 2014 թվականից ինքը շաբաթական 2-3 ժամ է ծախսում ուկրաինացի առաջնորդների հետ հեռախոսազրույցների վրա` նրանց համոզելով վճռականորեն կատարել բարեփոխումներ, միաժամանակ «ճնշում գործադրելով» Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի վրա՝ պահպանելու պատժամիջոցային քաղաքականությունը:
Նշենք, որ վերջին շրջանում Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում որևէ առաջընթացի չի արձանագրվել, ինչը դժգոհություն է առաջացնում Եվրոպայում: Եռակողմ Կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրումը հնարավոր է միայն Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման դեպքում: Ֆրանսիան և Գերմանիան բազմիցս կոչ են արել Կիևին ընդունել ինքնահռչակ հանրապետություններում ընտրությունների անցկացման մասին օրենք, որի պատճառով մեծ հաշվով համաձայնագրերի քաղաքական մասի իրականացումը մտել էր փակուղի: Եվրոպայում հակառուսական տրամադրությունների անկման ֆոնին ԱՄՆ-ն ակնհայտորեն որոշել է վերակենդանացնել գործընթացը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկումից խուսափելու համար: