Սեպտեմբերի 24-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդես-միջոցառումը, որով տրվեց «Կողբ-Թումո» նախագծի մեկնարկը:
Միջոցառման ընթացքում «Կողբ» հիմնադրամի տնօրեն՝ Արթուր Աբովյանը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն՝ Մարի Լու Փափազյանը ներկայացրել են «Թումո-Կողբ» նախագծի մանրամասները։ Ըստ բանախոսների՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում առնվազն 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի, որը կծառայի նաև սահմանամերձ Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների պատանիներին և երիտասարդներին:
Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018-ին: Կրթական ծրագիրը չի տարբերվելու Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումոներում իրականացվող ծրագրից, իսկ դասավանդող անձնակազմն ու միջազգային մասնագետները կշարունակեն կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով նաև այստեղ:
«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Արման Բարսեղյանը ամփոփել է. «Օրեր առաջ նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է մեր պետության անկախության ամրապնդման ուղղությամբ»: