Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականները ամսական ֆինանսական օժանդակություն կստանան Եվրամիության կողմից: Die Welt գործակալության փոխանցմամբ, ֆինանսական օժանդակությունը կկազմի ամսական 30 եվրո, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Հումանիտար օժանդակության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսի պնդմամբ 100 թուրքական լիրային համարժեք միջոցները կտրամադրվեն դեբետային քարտերի միջոցով և ուղղված կլինեն փախստականների մոտ «նորմալ կյանքի զգացողության» առաջացմանը:
«Սա հանդիսանում է աննախադեպ ճգնաժամի աննախադեպ պատասխանը»,- մասնավորեցնում է Ստիլիանիդիսը:
Ավելի վաղ հանձնակատարը խոսել էր Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին 348 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրման մասին, որի շնորհիվ սիրիացի ծնողներն իրենց երեխաներին այլևս ստիպված չեն լինի աշխատանքի ուղարկել, փոխարենը կուղարկեն դպրոց:
Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին: