Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` նշելով, որ նախնական տվյալներով հոկտեմբերի 7-ն է նշված:
Հարցին, թե օրինագծի հետ կապված ինչ տրամադրություններ կան Սենատում, Մուրադ Փափազյանը նշեց, որ դժվար է միանշանակ ասել, սակայն հիշեցրեց, որ սոցիալիստները խոստացել են կողմ քվեարկել:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար: