Թուրքիան Սոմալիում հիմնել է իր առաջին արտասահմանյան ռազմաբազան, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ahaber.com.tr» լրատավական կայքին:
Ըստ աղբյուրի՝ «ռազմական կրթության բազա» գործունեություն ծավալող բազայում կմարզվեն 10.500 սոմալեցի զինվոր: Առաջիկա օրերին իր գործունեությունը սկսող բազայում ծառայելու են թուրքական բանակի շուրջ 200 ռազմական հրահանգիչ: Բազայի անվտանգությունն ապահովելու համար այնտեղ կուղարկվեն թուրքական բանակի այլ ստորաբաժանումների ծառայողներ:
Ռազմաբազայում հատուկ պատրաստություն անցնող Սոմալիի բանակային և ոստիկանական ստորաբաժանումները պատրաստվելու են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նշյալ կառույցը 2013-ին պայթյուն էր իրականացրել Սոմալիում Թուրքիայի դեսպանատան առջև, ինչի հետևանքով զոհվել էր 1, վիրավորվել 2 թուրք հատուկջոկատային:
Տեղեկացվում է, որ հաջորդ երկիրը, որտեղ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել, Քաթարն է: