Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ժամը 19:00-ին տեղի է ունենալու «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը, հայտնում է Artsakh Press-ը:
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին մասնակից համույթների մասնակիցները երգ ու պարով շրջել են Ստեփանակերտի փողոցներով:
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի պատասխանատու, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանն (Մրո), անդրադառնալով փառատոնի հիմնական նպատակին, մասնավորապես նշել է.
«Առաջին անգամ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը Արցախում է: Այս կերպ մենք մեր սերն ենք բերել Արցախին ու արցախցիներին, և այսօր ամբողջական Հայաստանն ենք ներկայացնելու մեր ազգագրական երգերով, պարերով ու տարազներով: Մենք պետք է պահենք մեր ազգային տեսակը, ոգին. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախն ամուր է ու հարատև»,-նշել է Ա. Գրիգորյանը:
Փառատոնային համերգին իրենց մասնակցությունն են ունենալու՝ «Մարաթուկ», «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Մշո հավքեր», «Վան», «Տարոնցիներ», «Ծովակ», «Ոստան», «Գորանի», «Մասունք», «Տավրոս» երգի-պարի համույթները: