Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած օրենքը, որով իրավունք է տրվում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին դատական հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ, քանի որ ինքնաթիռներն առևանգած 19 ծայրահեղականներից 15-ը եղել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ:
էրդողանը հայտարարել է, որ այդ կապակացությամբ Անկարան քայլեր կձեռնարկի Իսլամական համագործակցության կազմակերպությունում, որը ներկայումս նախագահում է Թուրքիան: «Ես ԱԳՆ-ին և արդարադատության նախարարությանը հանձնարարել եմ աջակցել Սաուդյան Արաբիային, որպեսզի շտկենք այդ մեծ սխալը», - հայտարարել է էրդողանը:
Անցյալ շաբաթ ամերիկյան Կոնգրեսը, շրջանցելով նախագահ Օբամայի դրած վետոն, ընդունեց օրենք, որը ամերիկյան քաղաքացիներին իրավունք է տալիս ԱՄՆ-ի տարածքում դատական հայց ներկայացնել այն օտարերկրյա պետության դեմ, որի հովանավորած ահաբեկչական կազմակերպության իրականացրած ահաբեկչության ժամանակ զոհվել է իրենց հարազատը: Օրերս այս օրենքն առաջին անգամ կիրառվեց պրակտիկայում՝ Պենտագոնի շենքի վրա հարձակման արդյունքում ամուսնուն կորցրած ամերիկուհին իր և իր աղջկա անունից սաուդական իշխանություններին մեղադրեց ահաբեկչությանն աջակցելու մեջ և փոխհատուցում պահանջեց դաժան սպանության և միտումնավոր նյարդային խանգարման հասցնելու համար:
Այդպիսով, ամերիկյան Կոնգրեսը շրջանցում է դրույթը, որով օտարերկրյա պետություններին տրվում էր իմունիտետ ամերիկյան դատարաններում գործերի քննության ժամանակ: Փորձագետները ԱՄՆ-ի մեձավորարևելյան գլխավոր դաշնակիցների Սուդյան Արաբիայի դեմ Կոնգեսի ընդունած օրենքը բացատրում են իրանական լոբբիով: Սակայն հաշվի առնելով, որ սաուդական լոբբին ևս ԱՄՆ-ում բավականին ուժեղ է և բացի այդ երկու երկրները կապված են դաշնակցային և ոչ պակաս կարևոր առևտրատնտեսական խոր հարաբերություններով, ամենայն հավանականությամբ կոնգրեսականների որոշումը պայմանավորված է ընտրությունների նախաշեմին ընտրողների շրջանում դիվիդենտներ հավաքելու ցանկությամբ, հատկապես, որ այս որոշումից երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը քաղաքական ասպարեզում մեծ հաշվով չի տուժի:
Նշենք, որ Էր-Ռիադը, ինչպես և ակնկալվում էր, ամերիկյան Կոնգրեսի այս որոշումն ընկալել է որպես թշնամական քայլ: Սաուդական իշխանություններն արդեն սպառնացել են սառեցնել ամերիկյան ակտիվները և հրաժարվել ԱՄՆ-ում ներդրումներ կատարելուց: Սակայն, փորձագետներն այս կապակցությամբ ընդգծում են, որ սաուդյան իշխանություններն ամերիկյան ակտիվները վաղուց են ցանկանում սառեցնել, քանի որ դրանք այդքան էլ շահավետ չեն. էր-Ռիադը վերջին շրջանում ակտիվացնում է տնտեսական կապերը Չինաստանի հետ: