Այսօր թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է:
Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչումին և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։ Արմեն Ջիգարխանյանը աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։
Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։
Արմեն Ջիգարխանյանն այժմ բնակվում է Մոսկվայում: