ՀՀ նախագահի հովանվորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:
Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ:
«Նախատեսվում է, որ համաժողովը կդառնա ամենամեծածավալ միջոցառումը: Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը», - ասել է Մելքոնյանը:
Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում նախատեսվում է լայնածավալ միջոցառում անցկացնել, որին կներկայացվի հանրապետության ներդրումային գրավչությունը, ինչպես նաև նրա մրցակցային առավելությունները: Նման ներդրումային համաժողովը կարող է օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարթակ դառնալ, ինչի հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել` Հայաստանի ներուժը ներկայացնելու համար:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ: