ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սկսել է աշխատանքը Հալեպում հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ բանաձևի համաձայնեցման վրա։ Բանաձևի նախաձեռնողը Ֆրանսիան է, իսկ Ռուսաստանն իր կասկածն է հայտնել բանաձևի որոշ դրույթների վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատտերը հայտնել է լրագրողներին, որ փաստաթուղթը քննարկում են ՄԱԿ ԱԽ անդամ բոլոր 15 երկրների փորձագետները։ Նա նշել է, որ «տվյալ պահին Անվտանգության խորհրդի բոլոր անդամները ցանկություն են հայտնել մասնակցել այդ բանակցություններին»։
Նրա խոսքով, փաստաթղթում խոսվում է հրադադարի ռեժիմը պահպանելու, հումանիտար աջակցություն տրամադրելու և այդ դրույթների կատարմանը հետևելու անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հայտարարել էր, որ նրանք, ովքեր դեմ կքվեարկեն բանաձևին, մեղսակից կլինեն Սիրիայում ռազմական հանցագործություններին։