Թուրքական իշխանություններն որոշել են երեք ամսով երկարաձգել երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, գրում է The Associated Press գործակալությունը՝ երկրի փոխվարչապետ Նուման Կուրթուլմուշին հղումով: «Արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս 90 օրով՝ սկսած հոկտեմբերի 19-ից», - նշել է նախարարը:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո: «Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է երեք ամիս ժամկետով, որպեսզի օպերատիվ կերպով չեզոքացվեն ապստամբության հետևանքները», - այն ժամանակ հայտարարել էր Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիայի սահմանադրության վերոնշյալ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը սահմանվում է երկրի ողջ տարածքում կամ առանձին շրջաններում ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով, եթե տվյալ տարածքում հաճախակի են դառնում ժողովրդավարական կարգի քայքայմանն ուղղված բռնության ակտերը: Արտակարգ դրության ռեժիմը նախագահին և կառավարությանը հնարավորություն է տալիս նոր օրենքներ ընդունել՝ շրջանցելով խորհրդարանին և անհրաժեշտ չափով սահմանափակել բնակչության իրավունքները և ազատությունները:
Անկարան հայտարարված արտակարգ դրության շրջանակներում աննախադեպ բռնաճնշումներ և հետապնդումներ է սկսել թուրք ընդդիմադիր աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ: Միևնույն ժամանակ արտակարգ դրության ռեժիմն օգտագործվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի համար: Մասնավորապես արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում պաշտոնից հեռացվում են քուրդ քաղաքապետեր և պաշտոնյաներ, ինչպես նաև ավելի քան 10 հազար ուսուցիչ: Ի դեպ, ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիայում աշխատանքից ազատվել կամ լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել է ռազմական և քաղաքացիական ծառայությունների, ոստիկանության և դատական համակարգի ավելի քան 100 հազար աշխատող: Արդարադատության նախարարության տվյալներով՝ հեղաշրջման փորձի հետ կապված ձերբակալվել է ավելի քան 32 հազար մարդ: Արտակարգ դրության շրջանակներում թուրքական իշխանությունները երկարացրել են կալանքի ժամկետը, փակվել են տասնյակ մեդիաընկերություններ՝ հիմնականում ընդդիմադիր և քրդական, կալանքի տակ է վերցվել գործարարների միլիարդավոր դոլար արժողությամբ ունեցվածքը, փակվել է ավելի քան 2300 ինստիտուտ:
Փորձագետները պնդում են, որ արտակարգ դրության ռեժիմի տված հնարավորություններն Անկարան իրականում օգտագործում է ոչ թե ժողովրդավարական կարգի վերականգնման, այլ երկրում բռնապետության ուժեղացման համար. արտակարգ դրության ռեժիմով Էրդողանը իր ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու իրավական հիմքեր է ստացել, ինչի արդյունքում երկրում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունը մեղմացել է, սակայն միջազգային հանրության մտահոգությունը Թուրքիայում տիրող իրավիճակի հետ կապված ամեն դեպքում պահպանվում է: Նախօրեին Եվրոպայի խորհրդարանի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որտեղ մտահոգություն է հայտնում երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման կապակցությամբ: