Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ` Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում` նաև Հայաստանում ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների զարգացման հարցը` տեղական պտուղ-բանջարեղենը դեպի ռուսաստանյան առևտրային ցանցեր արտահանելու հնարավորությամբ: Հանդիպումը կազմակերպվել է «Ոսկե աշուն-2016» 18-րդ ռուսաստանյան ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում: