Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքական իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը, հղում կատարելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի խնդիրը, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը:
Սիրիական ճգնաժամի հարցում կողմերը կարևորել են Սիրիայում ընթացող բախումների դադարեցումը: Խոսվել է նաև Սիրիային հատկացվող մարդասիրական օգնության հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայման մասին:
Անդրադարձ է կատարվել ռուս-թուրքական հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող էներգետիկ խնդիրներին: Մասնավորապես երկու նախագահները քննարկել են թուրքական «Աքքույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցերն, ինպես նաև հոկտեմբերի 10-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունենալիք միջազգային էներգետիկ համաժողովի մանրամասները:
Այդ համաժողովին նախատեսված է նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությունը: