Իրաքի ներսում և նրա շուրջ ընթացող զարգացումներն աստիճանաբար լարված բնույթ են ստանում: Իրաքյան քաոսի մեջ ներգրավված ուժերի միջև հակասություններն ավելի են սրվում՝ երկիրը դարձնելով իսկական մարտադաշտ նրանց շահերի պաշտպանության համար: Այս տեսանկյունից իրավիճակն աստիճանաբար նմանվում է Սիրիայում տիրող դրությանը:
Իրաքում պատրաստվում են ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը: Գործողության մեջ ներգրավված են Իրաքի կառավարական ուժերը, Միացյալ Նահանգները, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի ուժերը: Բայց հաշվի առնելով գործողության կարևորությունը և դրա հնարավոր հետևանքները՝ օպերացիայի մեջ ներգրավվելու ցանկություն են հայտնում նաև այլ երկրներ: Խոսքն, իհարկե, առաջին հերթին Թուրքիայի մասին, որի ռազմական ներկայությունն Իրաքի Բաշիքա ռազմաբազայում Բաղդադը որակում է որպես օկուպացիա: Մոսուլի ազատագրման գործում Թուրքիայի մասնակցության դեմ է նաև ԱՄՆ-ը, ինչն Իրաքում թուրք-ամերիկյան նոր տարաձայնությունների պատճառ է դարձել:
Թուրքական Yeni Safak պարբերականը գրում է, որ «Վաշինգթոնը փորձում է տարածաշրջանային խաղացողների (Իրաքի, Իրանի, շիական ուժերի) օգնությամբ Թուրքիային հեռացնել Մոսուլի գործողությունից»: Մինչդեռ թուրք-սիրիական սահմանին «Եփրատի վահան» գործողության իրականացումից հետո Թուրքիայում վստահ են, որ «ԻՊ-ի դեմ ցանկացած ցամաքային գործողություն չի կորող հաջողություն գրանցել առանց Թուրքիայի զինված ուժերի մասնակցության»: Թուրքիայում մեղադրում են Վաշինգտոնին՝ Անկարայի դեմ քարոզչության համար: Ի դեպ, պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի խոսնակը ևս անօրինական է որակել թուրքական զինված ուժերի ներկայությունն Իրաքում: Ավելին, Թուրքիայում կարծում են, որ հենց Միացյալ Նահանգներն է Իրաքի խորհրդարանին դրդել հակաթուրքական բանաձև ընդունել՝ պահանջելով թուրքական զինված ուժերը դուրս բերել Իրաքի տարածքից:
Թուրք-ամերիկյան տարաձայնություններին գումարվում է Իրաքում Թեհրանի ակտիվացումն, ինչը հավելյալ խնդիրներ է ստեղծելու Անկարայի համար: Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վիլայեթին հայտարարել է, որ «եղբայրական Իրաքի կառավարության խնդրանքով Իրանն իր ռազմական փորձը կիսում է Իրաքի հետ», հայտնում է իրանական Tasnim գործակալությունը: Պատասխանելով Մոսուլի ազատագրմանը մասնակցելու հնարավորության մասին հարցին՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ «Իրանն ուղղակիորեն ներգրավված չէ որևէ ռազմական գործողության մեջ, այդ թվում նաև Սիրիայում, այլ միայն խորհրդատվական աջակցություն է ցուցաբերում»: Այս տեսանկյունից Թեհրանի ակտիվացումը ևս լրջագույն մարտահրավերներ է պարունակում Թուրքիայի համար:
Ամփոփելով նշենք, որ Իրաքում քաղաքական վակուումը լցնելու համար պայքարը հավանաբար դեռ երկար է տևելու: Խաղացողներից յուրաքանչյուրը փորձելու է ավելի մեծ կտոր պոկել: Ինչ վերաբերվում է թուրք-ամերիկյան տարաձայնություններին, ապա Անկարայի հնչեցրած մեղադրանքներն ԱՄՆ-ի հասցեին, ինչպես գրեթե միշտ է լինում, շուտով ցանկալի արդյունքը կտան, և Թուրքիան կստանա այն, ինչ ցանկանում է: