ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ պաղեստինյան պետությունը կվերսկսի ՄԱԿ-ի անդամների հետ խորհրդակցությունները կազմակերպության լիիրավ անդամություն ստանալու համար:
Նշենք, որ Պաղեստինի ազգային վարչակազմը Պաղեստինին լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու հարցը բարձրացրել էր 2011 թվականին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին: Սակայն Պաղեստինին չհաջողվեց ստանալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 2/3-ի աջակցությունը, և հարցը չտեղափոխվեց Գլխավոր Ասամբլեա: 2012 թվականին ՄԱԿ-ը Պաղեստինին տվեց դիտորդ անդամի կարգավիճակ: Մինչ այդ Պաղեստինը ՄԱԿ-ում ներկայացված էր որպես դիտորդ սուբյեկտ:
Փորձագետների կարծիքով՝ պաղեստինյան իշխանությունների հերթական փորձը կրկին անհաջողությամբ կավարտվի ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով: Վերջինս, հանդիսանալով Իսրայելի գլխավոր դաշնակիցը, վետո է կիրառում նմանատիպ որոշումների նկատմամբ:
Իսրայելն ամեն կերպ պայքարում է Պաղեստինի միջազգային ճանաչման գործընթացի դեմ՝ պնդելով, որ պաղեստինցիների կողմից պետականության ձեռքբերումը նախ պետք է համաձայնեցվի Թել-Ավիվի հետ: Հիշեցնենք, 1947 թվականին ՄԱԿ-ն ընդունել է Պաղեստինում արաբական և հրեական պետություններ ստեղծելու մասին բանաձև, ինչից ելնելով Իսրայելը 1948 թվականի մայիսի 14-ին հայտարարեց իր անկախության մասին: Արաբները Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու մասին որոշումը մերժեցին: Սրան հետևած արաբ-իսրայելական պատերազմների ժամանակ Պաղեստինը կորցնում է այն տարածքների հիմնական մասը, որոնց վրա, ըստ ՄԱԿ-ի բանաձևի, պետք է ստեղծվեր Պաղեստին պետությունը: Պաղեստինն իր պետականության ստեղծման մասին հայտարարում է միայն 1988 թվականին՝ չվերահսկելով այն տարածքները, որոնց հավակնում է: 1993 թվականի ստորագրված Օսլոյի համաձայնագրերով Իսրայելը Պաղեստինի Ինքնավարությանն է փոխանցում իր վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքների և դրանց վրա վերահսկողության գործառույթների մի մասը: Դրանց՝ պաղեստինյան իշխանություններին ամբողջությամբ փոխանցելու հարցը դեռևս լուծված չէ:
«Երկու պետությունների» սկզբունքով կարգավորման բանակցությունները վերջին տարիներին սառեցվել են, փոխարենը՝ Պաղեստինն ակտիվ արշավ է սկսել իր պետականության միջազգային ճանաչման համար, այն դեպքում, երբ տարածքների մի մասը դեռ փաստացիորեն գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ:
Նշենք, որ Պաղեստինի անկախությունն արդեն դե-յուրե ճանաչել է ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 135-ը: Սկսած 2010 թվականից՝ Պաղեստինի ինքնավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ճանաչում ստանալու համար՝ ինչպես առանձին պետությունների կողմից, այնպես էլ միջազգային կառույցներում անդամակցության տեսքով: 2014 թվականին Պաղեստինի անկախությունը ճանաչեց Շվեդիան՝ դառնալով Պաղեստինը ճանաչած Եվրամիության առաջին պետությունը։
Պաղեստին պետության գոյությունը ճանաչելու կոչով հանդես են եկել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի̦, Իռլանդիայի̦, Բելգիայի̦, Պորտուգալիայի խորհրդարանները և Եվրախորհրդարանը։ 2015 թվականին Պաղեստինի պետության գոյությունը պաշտոնապես ճանաչեց Վատիկանը: Այդ տարի Պաղեստինը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Նշենք, որ Պաղեստինը անդամակցում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Արաբական պետությունների լիգային:
Իսկ 2015 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում առաջին անգամ բարձրացվեց Պաղեստինի դրոշը:
Պաղեստինի միջազգային ճանաչման հարցի բարձրաձայնումը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է ճանաչման խնդրի կարևորության վրա, ինչպես նաև ընդգծում «սև խոռոչների» առկայության անընդունելի լինելը: