Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում հոկտեմբերի 5-ին մեկնարկել է հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսը («Հայաստան Էքսպո»), որը կազմակերպվել է Թեհրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը՝ հղում կատարելով ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությանը:
Նշվում է, որ առաջին անգամ Թեհրանում Հայաստանի հարյուրից ավելի ընկերություններ ներկայացնում են ապրանքների և ծառայությունների լայն տեսականի: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և սննդի արտադրություն, զբոսաշրջություն, ապահովագրություն, ոսկերչություն և ադամանդագործություն, շինարարություն և շինանյութերի արտադրություն, տրանսպորտ ու լոգիսիտիկա և այլն:
Թեհրանում անցկացվող «Հայաստան էքսպոն» այցելուների համար բաց է լինելու մինչև հոկտեմբերի 8-ը: