Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն այսօր ծածկվել էր սպիտակով: Խոսքն այն տաղավարների մասին է, որոնք խնամքով շարվել ու արցախյան բերքն ու բարիքն էին ցուցադրում: Ավանդույթի համաձայն, Արցախում գյուղատնտեսի օրը նշանավորվում է նաև բերքի տոնով, որն անցնում է մեծ հանդիսավորությամբ:
Հերթական տարում այդ առումով ոչինչ չի փոխվել, միայն ինչպես նշում են կազմակերպիչները, մասնակիցների ու տաղավարների թիվն է մեծացել: Սեփական այգում, դաշտում ու պարտեզում աճեցրած պտուղ բանջարեղեններն արցախցիները ոչ միայն վաճառում էին շուկայականից ցածր գներով, այլ նաև հյուրասիրում անցորդներին:
Բերքի տոնին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնության կարգ է կատարել՝ գոհունակություն հայտնելով բարձրյալին տարվա հաջող բերքի համար:
Տոնավաճառը լեփ-լեցուն էր մարդկանցով, մեծ խանդավառությամբ արցախյան արևահամ բարիքները ճաշակում էին ոչ միայն սփյուռքից ժամանած հյուրերն, այլ նաև օտարերկրյա բազում զբոսաշրջիկներ:
2016թ-ը առատաձեռն էր գյուղատնտեսությամբ զբաղվողների համար. տաղավարների սեղանները ճկված էին զանազան բարիքներով՝ ուտեստներով, բանջարեղեններով, մրգերով, մսամթերքներով, պահածոներով, խմիչքներով ու քաղցրավենիքներով: Հրապարակում կազմակերպված տոնավաճառ-ցուցահանդեսին ներկայացված էին նաև Արցախում արտադրական գործունեություն ծավալող գրեթե բոլոր ընկերությունները: Եվ որ ամենակարևորն է, ամենուր իշխում էր բարձր տրամադրություն, որին նպաստում էին Արցախում գործող մշակութային համույթները:
Գևորգյան Նոննա
ԱրՊՀ, լրագրություն 4-րդ կուրս