Երեք Volkswagen Golf ավտոմեքենաները, որոնցով Լեհաստան իր այցի ընթացքում երթևեկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, վաճառվել են աճուրդում 253 000 զլոտիով (մոտ 65 000 դոլար), գրում է РИА Новости-ն:
Հռոմի պապը Կրակովում էր հուլիսի վերջին «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկական համաժողովի շրջանակներում: Ուղևորության ընթացքում նա տեղաշարժվել է POPE համարանիշով 4 ավտոմեքենայով: Մեքենաներից մեկը հանձնվել է տեղի արքեպիսկոպոսարանի կրակովյան բարեգործական կազմակերպությանը, մնացածները 2 շաբաթ առաջ աճուրդի էին հանվել:
Հաղորդվում է, որ ստացված գումարը կփոխանցվի Կրակովի արքեպիսկոպոսարանի բարեգործական կազմակերպությանը, որը նախատեսում է այն ծախսել Լիբանանում սիրիացի փախստականների համար շարժական կլինիկայի և Լեհաստանում տարեցների ու հաշմանդամների տան սարքավորման համար: