Վրաստանի վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ չնայած հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հայտարարել խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արդյունքները, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության առավելությունը մեծ է, գրում է Sputnik-ը:
«Ճիշտ է՝ առայժմ ԿԸՀ-ն չի հրապարակել վերջնական արդյունքները, բայց, նախնական բոլոր տվյալներով, «Վրացական երազանքի» առավելությունը շատ մեծ է: Դա հսկայական աջակցություն է, ինչը նշանակում է, որ ընտրողների մեծամասնությունը հենց մեզ է վստահում երկրի կառավարումն առաջիկա չորս տարվա ընթացքում»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հանրապետության օրեսդիր մարմին են անցնում երեք կուսակցություններ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը (48,6 տոկոս), նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը (27,14 տոկոս) և «Հայրենասերների դաշինքը» ( 5 տոկոս): Այդ մասին վկայում են 99,92 տոկոս ընտրատեղամասերում ձայների հաշվման տվյալները, որոնք հրապարակված են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 8-ին խառը ընտրական համակարգով. 77 պատգամավոր ընտրվելու է կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ միամանդատ ընտրատարածքներում: Նշենք, որ 73 միամանդատ ընտրատարածքներից 47-ում կարող է անցնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ այդ ընտրատեղամասերում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսը:
Միջազգային դիտորդները քվեարկության պրոցեսը ընդհանուր առմամբ գնահատել է դրական: «Ընտրությունները տեղի են ունեցել մրցակցային միջավայրում, եղել են լավ կազմակերպված, չնայած բռնության մի քանի դեպքերի»,- հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչեսը: Միջազգային դիտորդների նախնական գնահատականում նշվում է, որ ընտրությունները եղել են մրցակցային, և ընդհանուր առմամբ ընտրարշավն անցել է հիմնական ազատությունների պահպանմամբ:
Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների Բյուրոյի և ԵԱՀԿ և ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համատեղ հայտարարության մեջ՝ հիմնված նախնական տվյալների վրա, նշվում է, որ արշավի հանգիստ և բաց մթնոլորտը որոշ չափով խախտել են անօրինական քարոզչության մեղադրանքները և բռնության գործադրումների միջադեպերը: «Ընտրությունների օրը հանգիստ մեկնարկեց, սակայն ավարտին մոտ եղան բռնությունների դեպքեր, դա մեզ համար խիստ անընդունելի է: Չնայած այն բանին, որ եղան որոշակի անկարգություններ, ընդհանուր առմամբ վրաց ժողովուրդը ապացուցեց իր հավատարմությունը ժողովրդավարական ինստիտուտներին»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցիչը:
Հատկանշական է, որ ընտրությունների ժամանակ բռնությունների մասին հայտարարել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Ընտրությունների օրը հանգիստ է անցել ընտրողների ակտիվության ֆոնին և բացառությամբ մեկ-երկու դեպքի, ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ են անցել: Ցավոք, ձայների հաշվարկի ժամանակ մի քանի լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ ագրեսիվ գործողություններ: Բոլոր այդ դեպքերի առնչությամբ անհրաժեշտ է ճիշտ ժամանակին արձագանք, որպեսզի 2016 թվականի հոկտեմբերին անցկացված ընտրությունները համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»,- ասել է Մարգվելաշվիլին:
Ավելացնենք, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1.814 միլիոն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների 51.63 տոկոսը: