Նախօրեին ՀՀ պաշտոնական վիճակագիրը հանդես եկավ Հայաստանի արտաքին առևտրի՝ ըստ երկրների կառուցվածքի ներկայացմամբ: ԱՎԾ տվյալների համաձայն` ՀՀ տասը խոշոր առևտրային գործընկերներն են ՌԴ, Չինաստանը, Գերմանիան, Վրաստանը, Իրանը, Բուլղարիան, Իտալիան, Իրաքը, Կանադան և Թուրքիան:
Բավական հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ դիտարկում ենք մեր արտաքին առևտրում վերոնշյալ երկրների զբաղեցրած դիրքերը տոկոսային հարաբերակցությամբ: Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերները շարունակում են մնալ ՌԴ (25.8%), Չինաստանը (8.5%) և Գերմանիան (6.5%): Մնացած յոթ երկրների մեջ Հայաստանն առևտրային մեծ շրջանառություն ունի Վրաստանի (5.4%) և Իրանի հետ (5.1%):
Ինչի՞ մասին են խոսում թվերը
Մեզ համար երկու դրական հետևություն:
Առաջին. որքան էլ խոսվի հայկական տնտեսության միաբևեռության մասին (արտաքին մասով՝ կապված ԵԱՏՄ հետ), հայաստանյան շուկան համագործակցության՝ քանակական առումով ամենանեղ շրջանագծում բալանսավորել է գործընկերների ընտրությունը: Այլ է հարցը, թե կապված մի շարք սուբյեկտի ու օբյեկտիվ հարցերից, դրանց միջև կա տոկոսային ոչ բալանսավորված տարբերություն:
Երկրորդ. ԱՎԾ ներկայացրած պատկերը ցույց է տալիս, որ ՀՀ խոշոր գործընկերների ցանկում կա և՛ եվրոպական, և՛ արևելյան, և՛ ռուսական ուղղությունները: Այս իմաստով, կարող ենք փաստել, որ արտաքին գործունեություն ծավալելու հարցում մենք ունենք որոշակի դիվերսիֆիկացիա և այս իմաստով մեր տնտեսության պակասում է մի փոքր ճկություն այդ դիվերսիֆիկացիան քանակական առումով ևս բալանսավորելու:
Ի՞նչ պետք է արվի
Պետական վիճակագրությունը ոչ միայն փորձագիտական վերլուծությունների համար հավաստի աղբյուր հանդիսանալու, այլև ռազմավարական քաղաքականությունն ուղղորդելու նպատակ ունի: Այս իմաստով, հարկավոր է, որպեսզի արտաքին գործունեությամբ զբաղվող սուբյեկտները և՛ լոկալ, և՛ գլոբալ մակարդակում՝ տեղյակ լինեն նշված գործընկերներից որի հետ փոխհարաբերությունները խորացնելու ու զարգացնելու ինչ հնարավորություններ կան, որոնք են խոչընդոտները և որը պիտի լինի նշված շուկաներից յուրաքանչյուրում Հայաստանի ասելիքը: Սրա համար անհրաժեշտ է առանձին ռազմավարությունների մշակում, հանձնարարականների հստակեցում և որ ամենակարևորն է՝ դրանց իրականացման ապահովում:
Արդարության համար պետք է նշել, որ արտաքին հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլեր արվում են: Օրինակ բոլորովին վերջերս Մոսկվայում անցկացվեց հայկական ապրանքների ցուցահանդեսը, հոկտեմբերի սկզբին Իրանում կայացած հայկական արտադրանքի ցուցահանդեսը, որն ավարտվել է մի շարք գործնական պայմանավորվածություններով: Չինաստանի դեպքում թերևս պետք չէ թերագնահատել անցյալ տարի նախագահի գլխավորած պատվիրակության այցը, որի ընթացքում կրկին ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ ու կնքվեցին համաձյանագրեր:
Որպես ամփոփում կարելի է նշել միայն, որ արտաքին գործունեության խողովակները կան ու աշխատում են, իսկ այդ խողովակների լայնացումը կախված է միմիայն հետևողական և անընդմեջ աշխատանքից: