«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը Իմփաքթ Հաբ Երևանի հետ միասին միացել է «Ecopreneurs for the Climate» համաշխարհային շարժմանը և հրավիրում է երևանյան միջոցառմանը, որը տեղի կունենա Իմփաքթ Հաբում հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 19:00: Այդ մասին տեղեկանում ենք «Էյ Թի Փի» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
«Կանաչ ձեռնարկատիրություն և Կլիմայի փոփոխություններ» խորագրով միջազգային շաբաթվա ընթացքում (սույն թվականի 24-30) աշխարհի տարբեր քաղաքներում, շրջաններում և համայնքներում կանցկացվի «Կլիմայի չեմպիոն» մրցանակաբաշխությունը, ինչպես նաև կքննարկվեն կլիմայի գլոբալ փոփոխություններին առնչվող բազմաթիվ նորարարական գաղափարներ: Միջոցառման նպատակն է խթանել բնապահպանական մոտեցումներն ու առաջ քաշել կլիմայի փոփոխությունների նվազեցմանն ուղղված լուծումներ:
Կլիմայի ազդեցության միջազգային օրը՝ հոկտեմբերի 24-ին, անցկացվող միջոցառման նպատակն է ստեղծել միջազգային ցանց, որի շնորհիվ հնարավոր կլինի կապ հաստատել աշխարհի տարբեր կազմակերպությունների հետ և նրանց ներկայացնել բնապահպանական ձեռնարկատիրական լուծումներ:
Միջոցառման կարևորագույն նպատակներից է նաև մասնակիցներին և մրցույթի հաղթողին հնարավորություն ընձեռել մասնակցելու և տարածելու բնապահպանական թեմաներով նորագույն գաղափարների գեներացմանը և ամենաակտիվ մասնակցին նոմինացնել Մարաքեշում COP22 Կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովին մասնակցության համար:
Փարիզյան համաձայնագիրն արդեն իրականություն է, իսկ Մարաքեշը նպատակ ունի նախաձեռնել գործնական քայլեր՝ համաձայնագրի դրույթների իրականացման ուղղությամբ:
Միջոցառման մասնակից դառնալու համար հրավիրում ենք ձեռնարկատերների, հասարակական ակտիվիստների, կազմակերպությունների և ԶԼՄ-ների՝ կիսելու կուտակված փորձը և խթանելու կանաչ ձեռնարկատիրական ցանցերին և նոր գաղափարների ձևավորմանը:
Ընտրության նախնական փուլն անցած ձեռնարկատերերը և հասարակական ակտիվիստները լսարանին կներկայացնեն կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված իրենց լուծումները: Այնուհետև լսարանի և ժյուրիի կողմից կընտրվի երևանյան հաղթողը: Այնուհետև բոլոր երկրների հաղթողներից Բարսելոնայում, պատահականության սկզբունքով, կընտրվի «Կլիմայի չեմպիոնին», ով իր գաղափարներով կկիսվի COP 22-ի ընթացքում:
Գրեթե կես օր տևող միջոցառումը կամփոփվի «Կլիմայի չեմպիոն» մրցանակաբաշխությամբ:
Մասնակցության համար կարող են դիմել ձեռնարկատերեր, բնապահպանական կազմակերպություններ և միջազգային գործընկերներ, որոնց խրախուսվում է միանալ այս շարժմանն ու առաջնորդել համայնքներին՝ միասին ստեղծելու կլիմայի փոփոխություններից զերծ առողջ ապագա:
Ընդհանուր առմամբ, մինչև հոկտեմբերի 20-ը կընտրվի 8 մասնակից՝ 4 ձեռնարկատեր և 4 հասարակական ակտիվիստ (անհատ կամ կազմակերպություն):
Միջոցառմանը օրակարգը ստորև՝
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 19-ը:
Ձեր նախաձեռնությունը/կազմակերպությունները պետք է 5 րոպեում ներկայացնել Պեչա Կուչա շատ պարզ ձևաչափով և անգլերեն լեզվով:
Լսարանին միանալու և քվեարկելու համար մուտքն ազատ է: