Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող համերգային շրջագայության է Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում, հայտնում է Panorama.am-ը:
Երգչախումբը համերգներով հանդես է եկել եվրոպական 9 քաղաքներում, ունեցել է 9 համերգ՝ հանրահայտ Բեռլինի Ֆիլհարմոնիկ համերգասրահից մինչև Բրյուսելի Մայր Տաճար:
Երգչախմբից հայտնում են, համերգներին ներկա են եղել արտերկրի պետական բարձրաստիճան այրեր, օտարերկրյա դիվանագետներ, միջազգային պատվիրակություններ, արվեստագետներ, երգչախմբային արվեստի սիրահարներ:
Անդրադառնալով «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի կատարմանը՝ «Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն Մարտին Օլսենն ասել է. «Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել: Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»:
Խմբավար, երգեհոնահար Փիթեր Արենդտն ասել է. «Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»: