Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Ադրբեջանի՝ 2017թ. բյուջեի նախագիծը, որն ամրագրում է հաջորդ տարվա համար 1 մլրդ 615 մլն 359.868 հազար մանաթ ռազմական ծախսեր: Հատկաշական է, որ ընթացիկ տարվա համար այդ ծախսերը կազմում էին 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, իսկ 2015թ-ին՝ 3 մլրդ 783 մլն մանաթ: Ստացվում է, որ 2017թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015թ. համեմատ կրկնակի պակաս կլինի:
Ռազմական ծախսերի նման կտրուկ անկումն Ադրբեջանի նման ռազմատենչ երկրի համար բավական մեծ ու խոսուն ցուցանիշ է: Մի կողմից դա ցույց է տալիս այն անմխիթար վիճակը, որում հայտնվել է ադրբեջանական տնտեսությունն այսօր, չնայած բարձրագույն մակարդակով պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե իբր ադրբեջանական տնտեսությունը ծաղկում է:
Բացի այդ սա բավական լուրջ հարված է «հզորացող ադրբեջանական բանակի» քարոզչական թեզին: Տարիներ շարունակ բնակչությանը ներկայանալով ռազմական հռետորաբանությամբ և «պապենական հողերը» հետ բերելու բարբաջանքով՝ ալիևյան կլանը բյուջեի ռազմական հատկացումների անվան տակ հսկայական գումարներ էր գրպանում, որոնք հետաքրքիր ձևով հայտնվում էին պանամական օֆշորային հաշվեհամարներին: Արդյունքում, մի կողմից ադրբեջանական բանակում շարունակում էր տիրել նույն անփոփոխ բարոյահոգեբանական միջավայրը, մյուս կողմից՝ բնակչության շրջանում բանակի հզորության միֆին ավելի ու ավելի էին հավատում: Ռազմական բյուջեի կրճատմամբ, Ալիևը կանգնում է բավական բարդ խնդրի առաջ, քանզի ժողովրդի հետ աշխատող քարոզչական մեքենան այլևս չի կարող նշել, թե «Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեից այսքան անգամ մեծ է... »:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի նման ռազմատենչ երկրի իշխանությունների կողմից ռազմական ծախսերի կրճատումն, ըստ էության, հարկադրված քայլ է՝ ելնելով բյուջեի ճեղքերի մեծացումը կանխելու անհրաժեշտությունից: Վերջին մեկուկես տարվա ընթացքում, երբ նավթ արդյունահանող երկրների մոտ համատարած ճգնաժամային իրավիճակ է՝ կապված նավթի համաշխարհային գների ռեկորդային անկուման հետ, Ալիևի կողմից Ադրբեջանի ժողովրդին ներկայացվում էր այլ՝ «սուպեր-տնտեսության» միֆը՝ որն այդ խնդիրները հաղթահարում է առանց կորուստների: Բնական է, որ այդպիսի տնտեսական «փուչիկների» ձևավորումը պետք է հանգեցներ խնդիրների ավելի խորացման, որոնց դրսևորումները միայն տնտեսական չեն: Արդյունքում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն այսօր կանգնած է իր ռազմական հռետորաբանության տապալման փաստի առաջ՝ ի դեմս ռազմական բյուջեի կրճատման: