Քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Twitter-ում հայտնել է քրդական հրամանատարությունը:
«Մոտավորապես ժամը 06:00-ին Մոսուլից դեպի արևելք ընկած Խազերում տեղակայված քրդական ուժերն ու Մոսուլից դեպի հարավ ընկած Գվերում և Գայարայում գտնվող անվտանգության իրաքյան ուժերը սկսել են համակարգված լայնամասշտաբ գործողություն, որն ԻՊ-ի ահաբեկիչներից Նայնավան ազատագրելուն ուղղված առաջին քայլն է»,-նշվում է թվիթերյան հաղորդագրությունում:
Նշվում է, որ Խազերում կենտրոնացված է մոտ 4.000 քուրդ զինյալ, որոնք Իրաքի դաշնային կառավարության հետ կնքած համաձայնագրի շրջանակում պետք է 3 ռազմաճակատում ազատագրեն իսլամիստների գրաված գյուղերը:
Միևնույն ժամանակ միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը 2014 թվականից մնում է ԻՊ-ի գլխավոր պատվարը։ Տարբեր տվյալներով քաղաքում կա 3,5-4 հազար գրոհային: