Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մի շարք այլ փաստաթղթերի թվում ստորագրել են նաև հայտարարություն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մեր աջակցությունն ենք հայտնում մայիսի 16-ն Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացում թույլ չտալուն, իրավիճակը կայունացնելուն և խաղաղ գործընթացն առաջ մղելու համար պայմաններ ստեղծելուն:
Հաստատելով Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերին՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի և մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»:
Հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները: