Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ներկա է գտնվել «Երևան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից:
Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ու Ռիգայի հայ համայնքին` այգու կառուցումն իրականություն դարձնելու համար, համոզմունք է հայտնել, որ այն կդառնա քաղաքի սիրված հանգստի գոտիներից մեկը:
Այգու հանդիսավոր բացման արարողության շրջանակում երկու քաղաքապետերը Երևանի և Ռիգայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև «Երևան» անունը կրող այգու նախագիծը կյանքի կոչելու համար շնորհակալագրերով են պարգևատրել մի շարք անձանց:
Երևանի և Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաև կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը նշել է, որ բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորակառույց հանգստի գոտին կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով, մարզական գույքով, ինչպես նաև «Երևան» գրառումով նստարաններով: