Այսօր Իրաքի զինված ուժեր, քրդական զորամիավորումների և աշխարահազորայինների հետ համատեղ սկսել են Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին:
Նշվում է, որ գրոհին մասնակցում է մոտ 30 հազար մարդ: Մոսուլում ԻՊ ուժերի չափը դժվար է գնահատել. տարբեր տվյալների համաձայն՝ քաղաքում գտնվում է 3.5-4 հազար գրոհային, սակայն իրաքյան իշխանությունները չեն բացառում, որ այս թիվն ավելի մեծ կարող է լինել՝ կապված Ռամադի, Տիկրիտ և Բայջի քաղաքների ահաբեկիչների նահանջելու հետ: Ամեն դեպքում, Մոսուլի համար մարտերը, որոնց իրաքյան զինվորականներն երկար էին պատրաստում, բավականին ծանր են լինելու: Ռազմական մասնագետներն ընդգծում են, որ Մոսուլի ազատագրման գործողությունը կարող է մի քանի շաբաթ տևել: Չնայած իրաքյան ուժերն արդեն հաջողություններ են գրացել այս ուղղությամբ, սակայն ահաբեկիչները դժվար թե հեշտությամբ հանձնեն քաղաքը, որը կողմերի համար կարևոր է մի քանի տեսանկյունից: Այսպես, նավթի պաշարներով հարուստ Մոսուլը կորցնելով՝ ԻՊ-ը ֆինանսական լուրջ կորուստներ կկրի: Միևնույն ժամանակ Մոսուլը կորցնելը ահաբեկիչների համար կնշանակի կորցնել կապը սիրիական Ռաքքայի հետ, որ ԻՊ-ի մայրաքաղաք է համարվում: Մոսուլը կողմերից երկուսի համար էլ բարոյահոգեբանական նշանակություն ունի, քանի որ այն հանդիսանում է Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքը:
Իրաքյան իշխանություններին իրենց այս նախաձեռնությունում աջակցություն է հայտնել է նաև ԱՄՆ-ի գլխավորած ԻՊ դեմ պայքարող միջազգային կոալիցիան՝ ավիահարվածներ հասցնելով քաղաքում և դրա մերձակայքում ԻՊ դիրքերին:
Մոսուլի ազատագրման գործողությանը մասնակցելու մտադրություն է հայտնել նաև Թուրքիան: «Մենք այլևս չեն կարող անհաղորդ մնալ Իրաքում ծավալվող իրադարձություններին», - հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիան Մոսուլի ազատագրմանը մասնակցելու նույնքան իրավունքներ ունի, որքան ԱՄՆ-ը՝ 2003 թվականին Իրաք ներխուժելու:
Թուրքիան ամեն կերպ ցանկանում է ստանալ Մոսուլի համար մղվող մարտերին Մոսուլից 60 կմ հեռավորության վրա գտնվող թուրքական զորախմբի մասնակցության իրավունք՝ դա պայմանավորելով Մոսուլում ապրող թուրքոմաններին պաշտպանելու անհրաժեշտությամբ և Մոսուլում ռազմական գործողությունների հետևանքով սպասվող փախստականների մեծ հոսքով: Սակայն Բաղդադը մերժում է՝ պնդելով, որ թուրքական զորախմբի ներկայությունն Իրաքի տարածքում վերջինիս ինքնիշխանության խախտում է: Անկարայում, կարծես թե, չեն պատրաստվում ուշադրության դարձնել Բաղդադի դժգոհություններին, քանի որ Մոսուլի ազատագրումը տարածաշրջանային նշանակություն ունի. այն կարող է որոշիչ լինել Իրաքում Իրանի և Թուրքիայի ազդեցության տարածման հարցում: Այս պատճառով է, որ Անկարան կտրականապես դեմ է հանդես գալիս Մոսուլի ազատագրման գործում շիա խմբավորումների մասնակցությանը: Միևնույն ժամանակ Մոսուլի ազատագրումն Իրանին կարող է հնարավորություն տալ դեպի Սիրիա միջանցքի ստեղծման համար, ինչը բնավ ցանկալի չէ Թուրքիայի համար:
Այսպիսով, Մոսուլի ազատագրումը բեկումնային նշանակություն կունենա ոչ միայն ԻՊ դեմ պայքարի, այլ նաև տարածաշրջանում ուժերի վերադասավորման տեսանկյունից: