Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ, այսուհետ՝ Բանկ) կառավարման խորհրդի նախագահ Դմիտրի Պանկինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ Բանկը հավակնում է անդամագրել նոր անդամների: Պանկինի խոսքերով Բանկը վերլուծել է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի 70 երկրների տվյալները: Արդյունքում՝ ԵԶԲ մտնելու պոտենցիալ թեկնածուների ցուցակում ներառվել են 12 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը:
Նշենք, որ 2009թ.-ից սկսած բանկի անդամ է հանդիսանում նաև ՀՀ:
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի անդամակցությունը կառույցին առհասարակ և Հայաստանի համար մասնավորապես: Հարցադրմանը պատասխանելու համար փորձենք հակիրճ ներկայացնել Բանկի կառուցվածքն ու գործունեությունը:
Եվրասիական զարգացման բանկը հիմադրվել է 2006թ. ՌԴ և Ղազախստանի Հանրապետության կողմից: Ներկայումս Բանկն ունի վեց անդամ (Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան, Բելառուս, ինչպես նաև՝ երկու հիմնադիր երկրները):
Եվրասիական զարգացման բանկը ճանաչվել է միջազգային կազմակերպություն: Այն ունի գործառույթների իրականացման երկու հիմնական գործիք. բյուջեի, վճարային հաշվեկշռի և ազգային արժույթների աջակցության համար նախատեսված վարկային միջոցների տրամադրում և միջպետական ծրագրերի իրականացման համար նախատեսված վարկային միջոցների տրամադրում:
Ի դեպ, ներկայումս Հայաստանում ընթացող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրի մեկ-չորրորդ հատվածի ֆինանսավորումն իրականացնում է հենց ԵԶԲ-ն (150 մլն դոլար):
Բանկի որոշումների ընդունումը նախատեսված է երեք ղեկավար մարմինների կողմից՝ Բանկի խորհրդի, Բանկի Կառավարման և Բանկի կառավարման նախագահի կողմից:
Բանկի Խորհուրդը ԵԶԲ կառավարման բարձրագույն մարմինն է, որը ղեկավարում է Բանկի ողջ գործունեությունը: Խորհուրդը կազմված է անդամ երկրների մեկական ներկայացուցիչներից և նրանց տեղակալներից: Այսպիսով, Բակի խորհրդում որոշումների կայացման համար քվեարկություն է անցկացվում: Քվեարկության ժամանակ բանկի անդամ երկրներից յուրաքանչյուրի ներկայացուցիչների մեկակայն ձայնը հաշվարկվում է բանկի կանոնադրական կապիտալում ունեցած արժեթղթերի միավոր քանակով: Նշենք, որ Հայաստանի արժեթղթերը կազմում են կանոնադրական կապիտալի 0,01 %-ը (կանոնադրական կապիտալում առյուծի բաժինն ընկնում է ՌԴ-ին՝ 65,97 % և Ղազախստանի Հանրապետությանը՝ 32,99 %):
Բանկի կառավարման մարմինը հանդիսանում է մշտական գործող կատարողական մարմին, որի գործունեությունը կարգավորվում է Բակի Խորհրդի կողմից:
Բանկի կառավարման մարմնի նախագահ է հանդիսանում Դմիտրի Պանկինը:
Այսպիսով, Ադրբեջանի՝ Բանկին անդամակցությունից հետևանքները Հայաստանի համար ոչ միանշանակ կարող են լինել: Մի կողմից, բանկի որոշումների գործընթացին ավելանում է մեր երկրի դեմ, մեղմ ասած, ոչ այնքան դրական տրամադրված երկիր: Մյուս կողմից, այնուամենայնիվ, Բանկի Խորհրդում որոշումների կայացման գործընթացում թելադրողը, ըստ մասնաբաժնի, ՌԴ-ն է, ուստի, որևէ այլ երկրի անդամակցությամբ, ըստ էության, բան չի փոխվում, բացառությամբ միայն այն դեպքի, եթե այդ նոր անդամագրվող երկրի բաժնետոմսերն ավելի շատ չլինեն, քան ՌԴ-ինն է ներկա դրությամբ: Ուստի, Ադրբեջանի հնարավոր անդամակցության ճշգրիտ հետևանքների մասին կարող ենք խոսել՝ միմիայն ունենալով հստակ տեղեկատվություն, թե որքան է լինելու այդ երկրի ներդրումը Բանկի կանոնադրական կապիտալում:
Ինչ վերաբերում է նոր անդամների ներգրավման նպատակներին, ապա աշխարհագրական ընդլայնումը ցանկացած միջազգային կառույցի ապահովում է ոչ միայն կայուն հեռանկարներ ապագայի մասով, այլև՝ նոր ֆինանսական միջոցների ներգրավման լավագույն հնարավորություն: