ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր կազմակերպել էր քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովի կազմակերպած հանդիպմանը հրավիրված էին 3 տասնյակից ավելի գործարարներ՝ հայկական շուկայի մի շարք ոլորտների (կոնյակ, գինի, շինանյութ, տնտեսական ապրանքներ, մանրածախ առևտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն) առաջատարներ, փոխանցում է b24.am-ը:
Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով բարձր գնահատելով վերջին տարիներին գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մեր երկրում իրականացվող ջանքերը, ընդգծեց ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործիքակազմն ու լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունն է հայտնել մրցակցային մարմնի և հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի արդյունավետ համագործակցությունից և նշել, որ պալատի անդամ են ՀՀ-ում գործող ավելի քան 20 ֆրանսիական ընկերություններ, որոնց կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում Հանձնաժողովը մշտապես եղել է հետևողական: