Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավիրվել է Ստամբուլում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում նոյեմբերի 13-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործության համերգին:
Նշյալ միջոցառումից հետո տեղի է ունենալու նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միության բացման արարողությունը: Այդ երկու միջոցառումին բացի Էրդողանից, հրավիրվել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն, «Ակոս» թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
«Ակոս»-ը ներկայացրել է Էրդողանին ուղղված հրավերքի տեքստը, որում նշվում է, որ նշյալ միջոցառումները, նպատակ ունեն նաև երեք երկրի արվեստագետների միջև ստեղծել համագործակցություն: Այդ համագործակցության նպատակն է նաև ուսումնասիրել «հայ և թուրք ժողովուրդների անցյալում տեղի ունեցած ընդհանուր վերքեր», ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Հրավերի մեջ շեշտվել է նաև, որ Ստամբուլում գտնվող Գերմանիայի հյուպատոսարանում ծրագրված միջոցառումներն անցկացվում են Գերմանիայի արտգործնախարարության և Եվրամիության աջակցությամբ: Վերջում Էրդողանին խնդրվում է մինչև նոյեմբերի 5-ը պատասխան նամակով տեղեկացնել համերգին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին: