Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգեց իր ծրագրված ուղևորությունը դեպի Փարիզ այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանսուա Օլանդը կասկածի տակ դրեց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման օգտակարությունը՝ վկայակոչելով Հալեպում տիրող իրավիճակը:
Օլանդի դեմարշը բաղկացած էր Ֆրանսիայի մայրաքաղաքում ռուսական մշակութային կենտրոնի և ուղղափառ եկեղեցու բացմանը մասնակցելու մերժումից, որտեղ նախագահ Պուտինը ևս պետք է իր մասնակցությունն ունենար:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր չէ Պուտինի հետ քննարկել այլ հարցեր՝ բացի սիրիական Հալեպ քաղաքում տիրող իրավիճակից:
Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիան դարձել է Մոսկվայի գլխավոր քննադատը Սիրիայի առնչությամբ, իսկ Ռուսաստանն, իր հերթին, վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով ֆրանսիական բանաձևի նախագծի վրա, որն արգելում էր սիրիական Հալեպ քաղաքում ռազմական ավիացիայի թռիչքները:
«Երկխոսությունն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ, բայց դա պետք է լինի կոշտ և անկեղծ», - Օլանդն օրերս հայտարարել էր Ստրասբուրգում: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարի Էյրոն ևս հայտարարել էր, որ, եթե Օլանդը նույնիսկ հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, ապա «ոչ սիրալիր խոսքեր փոխանակելու համար»:
«Նախագահ Պուտինը նշել է, որ ինքը պատրաստ է այցելել Փարիզ, երբ դա հարմար կլինի նախագահ Օլանդին: Այնպես որ, մենք պետք է սպասենք, մինչ հարմար ժամանակը գա», - պատասխանել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ըստ վերլուծաբանների՝ Պուտինը կարծում է, որ Ֆրանսիան խամաճիկ է դարձել Վաշինգտոնի ձեռքում: Փարիզը ստիպված էր ընտրություն կատարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, և ընտրեց վերջինին:
Դիվանագիտական առճակատումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի համատեքստում Մոսկվայի և արևմտյան կառավարությունների միջև հարաբերությունների ամենասուր կետն է դարձել Սառը պատերազմի ավարտից հետո: Որոշ լրատվամիջոցներ հենց այդպես էլ կոչում են իրավիճակը՝ «սառը պատերազմի շեմին»:
Ռուսաստանի դերի խորացումը սիրիական հակամարտության մեջ շարունակում է վնասել երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ Արևմուտքն էլ, իր հերթին, մտածում է նոր պատժամիջոցների կիրառման մասին: