Համաշխարհային բանկի «Doing Business 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը 5 հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:
Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում:
Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան, և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:
Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:
Հայաստանը 1,47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 72,16%-ից հասնելով 73,63%-ի:
Վերջինս ցույց է տալիս յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ցուցիչի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ևս իր ելույթում նշել է, որ անցած 25 տարիների ընթացքում Հայաստանն իրականացրել է շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ բարելավել է իր վարկանիշային դիրքերը.
«Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաև շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ», - նշել է երկրի նախագահը:
Նա նաև ավելացրել է, որ մեր աշխարհագրական դիրքը, քաղաքական և տնտեսական պայմանավորվածությունները գործընկեր երկրների հետ Հայաստանին թույլ են տալիս դյուրին մուտք ունենալ ավելի քան 300 միլիոնանոց սպառողական շուկաներ, որտեղ բազմաթիվ հայկական ապրանքներ և ծառայություններ արդեն իսկ իրենց պահանջարկն են ձևավորել:
«Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր: Մենք խստորեն հետևելու ենք արդյունավետ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին», - նշել է Սարգսյանը:
ՀՀ նոր կառավարությունն իր հերթին լայն լիազորություններ է ստացել առաջ մղելու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար:
Այդ առիթով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն ստանձնելու է բիզնես միջավայրը խթանողի դեր, ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցի որոշակի նախագծերի մեջ:
«Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը․ այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Տնտեսագետների կարծիքով կառավարության ներկայացրած ծրագրի բոլոր կետերն էլ իրագործելի են, թեև կան դրույթներ, որոնք ավելի ընդհանուր ձևակերպում ունեն, ցանկալի կլիներ ավելի շատ կոնկրետություն և հստակություն մտցրվեր:
Որոշ ոլորտներում էլ նախատեսվող փոփոխությունները դրական ազդեցություն անշուշտ կթողնեն, ըստ մասնագետների, սակայն դրանք առայժմ բավարար չեն տնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրների լուծման համար: