ՆԱՏՕ-ի 17 պետություններ իրենց զինվորականներին կուղարկեն դաշինքի բազմազգ գումարտակներ, որոնք 2017 թվականի սկզբին կտեղակայվեն Արևելյան Եվրոպայում: Եվս վեց երկրներ պատրաստ են իրենց ցամաքային, ծովային ու օդային ուժերն ուղարկել Ռումինիա՝ եկող տարում Սև ծովում ներկայությունն ընդլայնելու նպատակով: Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման այս արդյունքները հնչեցրել Է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, փոխանցում է TACC-ը:
«Մեր ավելի քան մեկ միլիարդ քաղաքացիների պաշտպանությունը մնում է ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը»,- ասել է Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգը չի հստակեցրել զինվորականների թվաքանակը, սակայն, ՆԱՏՕ-ի մի շարք երկրների պաշտպանության նախարարների և դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ Մեծ Բրիտանիան կտրամադրի 800, Գերմանիան՝ մինչև 600, Կանադան՝ 450, Ֆրանսիան՝ մոտ 300 զինվորական: