ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան նպատակ էր հետապնդում քննարկել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և առավել հստակեցնել կողմերի դիրքորոշումները բանակցային գործընթացում: Այս մասին է վկայում համանախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ նաև ընդգծվում է, որ հրադադարի ռեժիմի նկատմամբ հարգանքն անհրաժեշտ հիմք է շարունակվող բանակցությունների համար:
Բանակցային գործընթացի դինամիկան և համանախագահների մոտեցումների փոփոխությունները վերջին ապրիլյան պատերազմից հետո պատկերացնելու համար կարևոր է կատարել տարածաշրջանային վերջին` առնվազն 3 այցերից հետո համանախագահների համատեղ հայտարարությունների համեմատական վերլուծություն:
Նախ պետք է նշել, որ եթե 2015թ.-ի փետրվար և հոկտեմբեր ամիսների հայտարարությունների մեջ առավել ընդհանրական կերպով նշվում է, որ կողմերը քննարկել են առաջարկներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և ստեղծելու կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար, ապա վերջին հայտարարության մեջ նշվում է. «Համանախագահները քննարկել են նաև ներկա աշխատանքային առաջարկները՝ հասնելու առարկայական բանակցությունների՝ հանուն տևական խաղաղության»: Ավելին` այս հայտարարության մեջ հղում է կատարվում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին՝ կարևորելով դրանց ընթացքում ընդունված որոշումների լիարժեք կատարումը: Հիշեցնենք, որ այս երկու հանդիպումների ժամանակ կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն վստահության մթնոլորտի ստեղծման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Վերջինիս հոկտեմբերի 26-ին ընդունված հայտարարության մեջ կա նաև առանձին անդրադարձ: Նշվում է, որ նախագահները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ:
Կարևոր է նաև արձանագրել, որ վերջին 3 համատեղ հայտարարություններում (փետրվարի 20, 2015թ., հոկտեմբերի 29, 2015թ., հոկտեմբերի 26, 2016թ.) հստակ նշվում է, որ համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի ժամանակ հանդիպում են ունեցել «Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանությունների հետ»: Այն, որ համանախագահները տարածաշրջան կատարած իրենց այցերի ժամանակ պարբերաբար այցելում են նաև ԼՂՀ և քննարկումներ իրականացնում այնտեղի իշխանությունների հետ, ցույց է տալիս, որ համանախագահների համար էլ է ընդունելի ու ընկալելի, որ առանց ԼՂՀ տեսակետը հաշվի առնելու բանակցությունները չեն կարող առաջ ընթանալ:
Նշենք նաև, որ 2015թ.-ին համանախագահների այցերը կատարվել են այն ժամանակահատվածում, երբ ԼՂՀ-Ադրբեջան և ՀՀ-Ադրբեջան սահմաններին իրավիճակը բավականին լարված էր: Այս մասին են վկայում հայտարարություններում համանախագահների կոչերը կողմերին՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել բռնություններից: Այլ հարց է համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի խախտողին չմատնանշելը, ինչն Ադրբեջանի մոտ ստեղծում է անպատժելիության զգացողություն: Այս մասին են վկայում ապրիլյան իրադարձությունները և սահմաններին լարվածության պարբերական աճը:
Համանախագահների վերջին այցը, սակայն, տեղի ունեցավ սահմաններին հարաբերականորեն հանգիստ պայմաններում, ինչը թույլ տվեց իրականացնել առավել առարկայական քննարկումներ և առնվազն ֆիքսել, որ բանակցությունների համար այժմ հիմք են հրադադարի ռեժիմի պահպանումը և Կասպրչիկի գրասենյակի ընդլայնումը: Իսկ հետագա քայլերն ամենայն հավանականությամբ ուղղված են լինելու դրանց իրականացմանը հետամուտ լինելուն և հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն:
Ամփոփելով պետք է փաստել, որ ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը թևակոխել է բավականին ակտիվ փուլ՝ կողմերի միջև ստեղծելու վստահության մթնոլորտ, ինչն առաջին քայլը կլինի դեպի հակամարտության կարգավորում: Այս պարագայում, սակայն, հաջողությունը կախված է մի շարք հանգամանքներից: Առաջին, եթե Ադրբեջանը կրկին չդիմի իր ապակառուցողականությանն ու արկածախնդրությանը: Երկրորդ, եթե համանախագահների իրականացրած աշխատանքը համահունչ լինի դրված նպատակին. այն է՝ հնչեցրած հայտարարությունները լինեին ավելի հասցեական և միջնորդները խուսափեին կողմերի միջև «հավասարության նշաններ» դնելուց: Ավելին` գործընթացը վերահսկելու, ԼՂՀ-ում տիրող իրավիճակին և տրամադրություններին տիրապետելու համար տրամաբանական կլիներ, եթե հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցը՝ ԵԱՀԿ-ն, իր գրասենյակն ունենար Ստեփանակերտում: