Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղմասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական կայքը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ և տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին և հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին և պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ և կարևոր առաքելությունն էր կյանքում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ սյունեցիները և, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, և այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ և իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանից ու Սփյուռքից: