ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկանիշը շարունակում է անկում ապրել և իր բացասական ցուցանիշով գերազանցում է հանրապետական Դոնալդ Թրամփի բացասական վարկանիշը։ Այս մասին են վկայում ABC հեռուստաալիքի և Washington Post թերթի կողմից անցկացված հարցման տվյալները։
Հաղորդվում է, որ Քլինթոնի թեկնածությանը բացասաբար է վերաբերվում հարցվածների 60 տոկոսը, Թրամփի թեկնածությանը՝ 58 տոկոսը։ Նրանց 49 տոկոսը Քլինթոնին վերաբերվում է «շատ բացասական», Թրամփին այդպես է վերաբերվում 48 տոկոսը։ Թրամփի կողմնակիցների շարքում Քլինթոնին չի հավանում հարցվածների 97 տոկոսը, Քլինթոնի կողմնակիցների շարքում Թրամփին չի հավանում 95 տոկոսը։ Համաձայն հարցման՝ Քլինթոնին պատրաստ է աջակցել 46 տոկոսը, Թրամփին՝ 45 տոկոսը։
Վերլուծաբանները նշում են, որ նման պատկերի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել օրերս Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի կողմից Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ հետաքննության նոր տեղեկությունների հրապարակումը: Մասնավորապես Կոմին հայտարարել է, որ Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ հետաքննությունը, որ դադարեցվել էր 2015 թվականին, վերսկսվում է: Դրա համար առիթ է հանդիսացել Քլինթոնի օգնական Հումա Աբեդիի ամուսնու՝ նախկին կոնգրեսական Էնոնի Վիների համակարգչում Քլինթոնի նամակների հայտնաբերումը:
Նշենք, որ Վիները գտնվում է հետաքննության տակ՝ անբարո բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկելու գործով, այդ թվում` անչափահասների: Համակարգչում հայտնաբերված նամակների բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն Քլինթոնի անվան կապը՝ սեքս-սկանդալում հայտնված նախկին կոնգրեսականի հետ, արդեն բացասական ազդեցություն է թողել Քլինթոնի վարկանիշի վրա՝ ընդ որում ընտրարշավի բավականին կարևոր պահի: Միևնույն ժամանակ այս սկանդալի ֆոնին կրկին ակտիվանում են Հիլարի Քլինթոնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման, ինչպես նաև իր օգնական Հումա Աբեդիի հետ սիրային կապի մասին շշուկները: Այս առումով կարելի է ասել բավականին հաջողակ էր ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը: Նա ևս այս ընտրարշավի ընթացքում անմասն չմնաց իր անվան շուրջ սեքս սկանդալներից: Թրամփի ընդդիմախոսները սակայն որոշեցին այդ «խաղաթուղթն» օգտագործել թեկնածուների հեռուստաբանավեճերի ժամանակ: Մասնավորապես հրապարակվեց տեսանյութ, որում Թրամփը բացասաբար էր արտահայտվում կանանց մասին, 11 կին էլ թեկնածուին մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ: Սկանդալն, իհարկե, բավականին լուրջ ազդեց թեկնածուի վարկանիշի վրա, սակայն ընդհանուր առմամբ սկանդալի ազդեցությունը մարդկանց վերաբերմունքի վրա, կարծես թե, աստիճանաբար՝ նոր «բացահայտումներին» զուգընթաց, մարում է:
Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին: փորձագետները որպես նախագահական այս ընտրարշավի յուրահատկություն նշում են թեկնածուների կողմից ավելի շատ անձնական, քան քաղաքական թեմաների վրա կենտրոնանալը: Այսպես, ընտրարշավի ժամանակ թերևս ամենաշատն ուշադրություն է դարձվել Քլինթոնի կողմից պետքարտուղար եղած ժամանակ անձնական էլեկտրոնային փոստի՝ ծառայողական նպատակներով օգտագործմանը, թեկնածուների և մասնավորապես Քլինթոնի առողջական վիճակին, սեքս-սկանդալներին, ինչպես նաև Թրամփի կողմից հարկերից խուսափելուն: