Մութ ամպեր, անձրևներ, գորշ ու մռայլ եղանակ… այս ամենն, իհարկե, ազդում է մեր տրամադրության և ինքնազգացողության վրա: Առօրյան թվում է ձանձրալի և անհետաքրքիր, կյանքը տխուր ու դատարկ:
Աշնանային դեպրեսիան ունի գիտական հստակ բացատրություն: Արևային ակտիվության փոքրացումը մարդու օրգանիզմում բերում է մելանին հորմոնի առաջացման, որն էլ հենց նպաստում է մելանխոլիկ տրամադրության առաջացմանը:
Բացի այդ, անձրևոտ եղանակի ժամանակ մարդիկ ավելի քիչ են տնից դուրս գալիս և հանդիպում ընկերների հետ: Հասարակական շփումների բացակայությունն իր հերթին դեպրեսիայի առաջացման պատճառներից մեկն է:
Արևի լույսի պակասի հետևանքով շատ երկրներում, օրինակ՝ սկանդինավյան, դեպրեսիաները շատ մեծ տարածում ունեն։ Նման երկրներում նույնիսկ լամպեր են արտադրում, որոնք միացնում են երկար ժամանակով, որպեսզի դրանց լույսն ինչ-որ կերպ մեղմի մարդկանց դեպրեսիվ տրամադրությունը։
Ինչևէ, դեպրեսիվ տրամադրությունը հաղթահարելու համար նախևառաջ պետք է պահպանել ճիշտ սննդակարգ:
Կերեք որքան հնարավոր է շատ թարմ միրգ և բանջարեղեն: Օրգանիզմ մուտք գործող վիտամինները չեն կուտակվում, այլ անմիջապես յուրացվում են օրգանիզմի կողմից, այդ իսկ պատճառով օրգանիզմին հարկավոր է անընդհատ վիտամինային սնուցում:
Օրվա ընթացքում օգտագործեք տարբեր տեսակի տաքացնող թեյեր (կոճապղպեղով, մեխակով, դարչինով): Դրանք տաքության, հանգստության, ապահովության զգացողություն կպարգևեն:
Լավ կինոդիտումը, երաժշտությունն ու ընթերցանությունը ևս կազատեն ձեզ եղանակի թողած վատ ազդեցությունից:
«Արևի բացակայությունը կարելի է լրացնել նաև հագուստի վառ գույներով, ինչպես նաև օգտակար կլինի առողջ ապրելակերպին հետևելը, սեփական նախասիրություններն ակտիվացնելը», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում ասաց Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. Սոնա Հարությունյանը:
Ըստ նրա՝ ոմանք աննկատ կերպով ադապտացվում են եղանակի փոփոխություններին: Իսկ ոմանք շատ զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ: Եղանակի փոփոխությունների նկատմամբ զգայունությունը սովորաբար կենտրոնական նյարդային համակարգի անհատական առանձնահատկություններով են պայմանավորված, ինչպես նաև կարող է նպաստել ընդհանուր առողջական և հոգեկան վիճակը:
«Գաղտնիք չէ, որ արևոտ եղանակը նպաստում է լավ տրամադրությանն, առույգության զգացումին, ակտիվ կենսակերպին: Սակայն, անհրաժեշտ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր եղանակ ունի իր առանձնահատկությունները և հիշել` մենք չենք կարող փոխել եղանակը», - ասաց հոգեբանը: