Եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմն, ապա Թուրքիան կչեղարկի ԵՄ-ի հետ կնքած հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը: Այս մասին հայտնել է պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Yeniakit» թերթի կայքին:
Նշվում է, որ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն սպասելու մինչև տարեվերջ:
«Մեր համբերությունն արդեն սպառվում է, և մենք առաջիկա օրերին ԵՄ-ից պատասխան ենք սպասում: Եթե պատասխան չստացվի, մենք կչեղարկենք այդ պայմանագիրը»,- սպառնացել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք` ռեադմիսիայի համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվում է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով ԵՄ անցած փախստականներին: