Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը չի բացառել Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանումը Թուրքիայի դեմ՝ ընդդիմության և լրագրողների հարցում նախագահ էրդողանի քաղաքականության պատճառով:
Ինչպես նշել է նախարարը, Թուրքիայի արտահանման 50 տոկոսը գնում է ԵՄ երկրներ, Թուրքիայում արվող ներդրումների 60 տոկոսը ստացվում է Եվրոպայից: «Դա ճնշման անսահմանափակ միջոց է, և որոշակի պահի մենք չենք հրաժարվի դրա կիրառումից»,-ասել է Ասելբորնը Deutschlandfunk գերմանական ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ասելբորնը խստորեն դատապարտել է վերջին զարգացումները Թուրքիայում: Ըստ նախարարի՝ էրդողանն անտեսում է իրավունքի գերակայությունն, ինչն անհարիր է ԵԽ և ՆԱՏՕ-ի անդամ երկրին, որը նաև մտադիր է անդամակցել ԵՄ-ին: «Դա բռնապետության կիրառման ձեռնարկ է»,-ասել է նա:
«Ինձ թվում է, որ եթե որևէ մեկն այսօր Թուրքիայում պաշտպանում է մարդու իրավունքները, նրան կասկածում են կամ ահաբեկչության, կամ Գյուլենի հետնորդ լինելու մեջ»,-ասել է Ասելբորնը:
Նախարարն ամենասարսափելին այն է համարել, որ Թուրքիայում յուրօրինակ «քաղաքացիական մահ» է կիրառվում` համապատասխան մարդիկ զրկվում են աշխատանք ստանալու շանսից, չեն կարողանում փող աշխատել ընտանիքները պահելու համար, զրկվում են բնակտարածքից: «Այդպիսի միջոցներ են կիրառվել նացիստների ժամանակ»,-ասել է Ասելբորնը: