Մոտենում է ԱՄՆ նախագահական ընտրությունների ճակատագրական օրը: Իհարկե, ամենից շատ այդ օրվան սպասում են հենց ամերիկացիները, սակայն ողջ աշխարհի համար դա կարևոր իրադարձություն է:
Մարդիկ շունչները պահած սպասում են վաղվա արդյունքներին, ինչը միանգամայն հասկանալի է, քանի որ նման գերտերության ընտրությունների արդյունքներն այս կամ այն կերպ իրենց ազդեցությունն են թողնելու աշխարհի բոլոր ծայրերում:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ի ներքին ու արտաքին քաղաքականության առանձնակի փոփոխություն չի ակնկալվում և սպասվում է, որ, ընդհանուր առմամբ, կպահպանվի դեմոկրատների կուսակցության ներկայիս ուղեգիծը: Մինչդեռ, դատելով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարություններից, ԱՄՆ-ի ֆինանսա-տնտեսական ու արտաքին քաղաքականության նշանակալի փոփոխություններ են սպասվում՝ հանրապետական թեկնածուի հաղթանակի դեպքում:
Reuters գործակալության և Ipsos կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 43 տոկոսը մտադիր է քվեարկել Քլինթոնի, իսկ 39 տոկոսը՝ Թրամփի օգտին: Իր հերթին, Los Angeles Times օրաթերթի և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի համատեղ հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 48 տոկոսը որոշել է իր ձայնը տալ Թրամփին, իսկ 43 տոկոսը՝ Քլինթոնին:
Միևնույն ժամանակ, Ամերիկյան Փրինսթոն համալսարանի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրություններում հաղթանակ տանելու 99 տոկոսի հնարավորություն ունի հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Այդ առիթով Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները, եթե Քլինթոնն «անարդարացիորեն» իրենից առաջ անցնի:
Ինչպես ներկայացնում է The Independent-ն, ուսումնասիրության արդյունքներով՝ ընտրություններից 3 օր առաջ Քլինթոնը 312 նախընտրական ձայն է ստացել, իսկ Թրամփը` 226։
Ինչևէ, երկարատև ընտրարշավին ու ամիսներ տևած մրցապայքարին մնացել է ընդամենը մեկ օր… Հաշված ժամեր անց աշխարհը կիմանա, թե ով է ԱՄՆ 45-րդ նախագահը: