Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս Օդեսայի նահանգապետի պաշտոնից, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ։ Ես ձեռքերս վայր չեմ դնում։ Չեմ հոգնի։ Թող հույս չունենան, որ ազատվում են ինձանից։ Ես այն զինվորն եմ, որը գնում է այնքան, որքան կարող է, իսկ հետո, որքան պետք է»,-հայտարարել է Սահակաշվիլն և հավելել, որ Ուկրաինան պետք է ազատել կոռուպցիոն կեղտից և այն մարդկանցից, որոնք դավաճանել են ուկրաինական հեղափոխության գաղափարը և ունեն ընդամենը մի մոտիվացում՝ գրպան լցնել, ուժեղացնել իրենց կլանը և վերջնականապես թալանել Ուկրաինան։ Սահակաշվիլին նշել է, որ «վերջին կաթիլն» իր համար դարձել է պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը: Հատկանշական է, որ ավելի վաղ հրաժարական էին տվել Օդեսայի ոստիկանապետը և Օդեսայի նահանգապետի օգնականը:
Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնում նշանակվել է 2015 թվականի մայիսին: Նա նաև եղել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդական և Ուկրաինայի բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ: Սակայն Օդեսայի նահանգապետի պաշտոնում նշանակումից հետո Սահակաշվիլու և Կիևի հարաբերությունները կոնֆլիկտային բնույթ ստացան: Այսպես, 2015 թվականի դեկտեմբերին Սահակաշվիլին մեղադրեց Ուկրաինայի այն ժամանակվա վարչապետ Արսենի Յացենյուկին կոռուպցիայի, անարդյունավետ կառավարության և բարեփոխումների բացակայության մեջ: Յացենյուկից Սահակաշվիլին անցում կատարեց ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին՝ նրան մեղադրել ոչ պաշտոնական զինված խմբավորումների ֆինանսավորման մեջ: Ավակովը նույնիսկ կառավարության նիստի ժամանակ նախագահի ներկայությամբ փորձել է ջուր լցնել Սահակաշվիլու վրա: Այժմ Սահակաշվիլին մեղադրում է երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ կոռուպցիոն սխեմաներին աջակցելու մեջ:
Փորձագետները նշում են, որ Սահակաշվիլու՝ հրաժարականի մասին հայտարարությունը կապված է երկրում նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետո, որի շրջանակներում մեկնարկում է քաղաքական նոր նախագիծ «Միխո» (Ուկրաինայում այսպես են անվանում Սահակաշվիլուն): Այս կապակացությամբ փորձագետները նշում են, որ բնավ պատահական չէ, որ քաղաքական գործչի ֆեյբուքյան էջում հրաժարականի մասին հայտարարությունից հետո հայտնվեց «Սահակաշվիլու ենթակառուցվածքային նախագծերը» վերնագրով տեսանյութ:
Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ վերադառնալ Վրաստան, քանի որ շարունակելու է աշխատել Ուկրաինայի համար։ Կարծես թե, Սահակաշվիլու ամբիցիաներն ավելին են, քան Օդեսայի նահանգապետի պաշտոնը…