Հայաստանը H3N2 գրիպի համար ունի պատվաստանյութեր

16:20     8 նոյեմբերի, 2016

Հայաստանում առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն բացառում H3N2 գրիպի (հոնկոնգյան վիրուս) ներթափանցման հնարավորությունը, սակայն կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ երկիիրը H3N2 գրիպի համար ունի ատվաստանյութեր: «Վիրուսների հարուցիչները շրջանառվում են օդի մեջ, պայմաններից, եղանակից կախված՝ սկսում են ակտիվանալ: Մի տարի մի վիրուսն է ակտիվանում, մյուս տարի՝ մյուսը», - ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, հաղորդում է Արմենպրեսը:

Հոնկոնգյան գրիպի ախտանշանները ոչնչով չեն տարբերվում մյուս գրիպի ախտանշաններից՝ խիստ գլխացավեր, մկանացավեր, ջարդվածության զգացողություն, ընդհուպ փսխումներ, քթից արյունահոսություն: Բուժման մեթոդները ևս նույնն են: Այս վիրուսը կենդանուց մարդուն չի անցնում, հետևաբար սննդի, մսամթերքի հետ կապված խնդիրներ չեն լինի:


© armedia.am