ԱՄՆ պատմության վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ ոչ մի նախագահ նման քարոզարշավ չի անցկացրել որևէ թեկնածուի համար, ինչպիսին արեց Բարաք Օբաման Հիլարի Քլինթոնի համար:
«Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ ավելի լավ կարող է պաշտոնավարել, քան Հիլարին», - ասել է նախագահը դեռևս ամիսներ առաջ՝ քարոզարշավի ամենասկզբում, - «Ես նրա հետ եմ: Նա ինձնից էլ, Բիլից էլ շատ ավելի լավ նախագահ կլինի», - ավելացրել էր Օբաման՝ նկատի ունենալով Հիլարիի ամուսնուն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին:
Միայն վերջին հոկտեմբեր ամսվա ընթացքում Օբաման հասցնում էր շաբաթական երկու-երեք անգամ մասնակցել իր համակուսակցին սատարող հանրահավաքներին, ռադիո և հեռուստատեսային հարցազրույցներին, անգամ դրամահավաքներին:
Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հերթին չափազանց բարձր է գնահատում իր երբեմնի մրցակից, իսկ այժմ արդեն «իսկական ընկեր» Օբամայի աջակցությունը:
«Գործող նախագահից նման օգնություն ունենալը շատ ուժեղ և դրական էներգիա է տալիս: Ես խիստ բարձր եմ գնահատում Բարաքի կարծիքը», - ասել է Քլինթոնը, - «Տարիների ընթացքում մենք կատաղի մրցակիցներից վերածվեցինք ամենալավ բարեկամների»:
Սակայն, ավելի քան մեկ դար է արդեն, որ նախագահների կողմից ակտիվ քարոզչություն վարելն ԱՄՆ-ում լավ չի ընկալվում և տարաբնույթ չարախոսությունների առիթ է դառնում: Նույնիսկ իրենց սեփական ընտրություններին չափից ավելի ինքնագովազդը կարող է վարկաբեկել թեկնածուին:
Հետ հայացք գցելով վերջին 100 տարիների ընթացքում ԱՄՆ նախագահների գործունեությանը՝ կարող ենք տեսնել, թե որքան հազվադեպ է եղել, երբ գործող նախագահը պաշտպանել է հաջորդող թեկնածուին:
1908 թվականին նախագահ Թեոդոր Ռուզվելտը ընտրություններին իր հովանու տակ է վերցնում Ուիլյամ Հովարդ Տաֆտին և սկսում ակտիվ քարոզչություն տանել նրա համար:
Լինդոն Ջոնսոնը 1968 թվականին նույնն անում է Հյուբերտ Համֆրի հանդեպ, իսկ 1988 թ.-ին Ռոնալդ Ռեյգանը ձգտում էր իրենից հետո հաջողության հասցնել Ջորջ Բուշ Ավագին:
2008-ին էլ արդեն Ջորջ Բուշ Կրտսերը ամեն կերպ սատարում էր Օբամայի թիվ մեկ մրցակցին՝ հանրապետական Ջոն Մըք Քեյնին:
Ինչևէ, հիմա արդեն ընդամենը մի քանի ժամ է մնացել տեսնելու համար, թե արդյոք Օբամայի մշակած ծրագիրն իրոք օգտակար եղավ Քլինթոնի համար և արդյոք գործող նախագահի քարոզները տեղ հասան՝ ազդելով տարվա ամենասպասված ընտրությունների ելքի վրա: