Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահը՝ Դոնալդ Թրամփը: Դեռ ընտրությունները չէին ավարտվել, երբ համաշխարհային ֆինանսական շուկաները սկսեցին բուռն արձագանքել թրամփյան հնարավոր հաղթանակին: Դա սպասելի էր այն պարզ պատճառով, որ ֆինանսական շուկաներն՝ ի դեմս բորսաների ու սպեկուլյացիաների, ամենազգայունն են ցանկացած նորության, փոփոխության ու սպասումների նկատմամբ:
Այսպես, մինչ ընտրությունների արդյունքների վերջնականացումն, այսօր առավոտյան նկատվեց նավթի համաշխարհային գների անկում: Brent տեսակի գինը նվազեց 3,4%-ով` հասնելով 44,5 դոլար/ բարելի, ինչը նվազագույն ցուցանիշն է օգոստոսի 11-ից ի վեր: WTI-ն էժանացավ 3,8%-ով՝ հասնելով 43,3դոլար/բարելի, որն ամենացածր ցուցանիշն է սեպտեմբերի 20-ից ի վեր: Մոտավորապես 3.5 %-ով ակում ապրեց դոլարի փոխարժեքը, փոխարենն աճ գրանցել ոսկու գինը՝ մոտ 5%-ով:
Թրամփի հաղթանակի հաստատվելուց հետո, սկսված գործընթացն ակտիվացավ. անկում ապրեցին գրեթե բոլոր բորսաները՝ Nasdaq, Dow Jones, Nikkei, որտեղ ֆյուչերսների արժեքներն առայժմ նվազել են 4-5%-ով: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ ավելացել է 2, ֆունտինը՝ 1, ճապոնական իենինը՝ 3, իսկ շվեյցարական ֆրանկինը՝ 2 %-ով:
Որոշ փորձագետների պնդմամբ, ֆինանսական շուկաների վրա Թրամփի ընտրվելու փաստն ազդում է նույն կերպ, ինչպես Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն: Համենայնդեպս, ոսկին շարունակվում է արժևորվել, ինչպես Brexit-ի ժամանակ էր: Իսկ ոսկու գինն ուղիղ համեմատական է անորոշության մակարդակին: Որքան մեծանում է անորոշությունն, այնքան ֆինանսական կառույցների հայացքներն ուղղվում են ամենահուսալի կապիտալի՝ ոսկու կողմը:
Ֆինանսական շուկաների այսօրվա տենդենցները միառժամանակ կշարունակվեն: Իրավիճակի կայունացումը կլինի Թրամփի քաղաքական ու տնտեսական կուրսի հաստատումից հետո: Իսկ մինչ այդ, ամենայն հավանականությամբ, դոլարի կուրսը կշարունակի անկում ապրել՝ կայունություն ապահովելով այլ արտարժույթների՝ առավելապես եվրոյի ու յուանի համար: Եվ չնայած դրան՝ այդ արժույթները չեն կարողանա ֆինանսական սուբյեկտների համար լրացնել այն բացը, որը կառաջացնի դոլարի փոխարժեքի անկումը՝ երաշխավորելով ոսկու գների աճի շարունակականություն: