ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը այս ողջ քարոզարշավի ընթացքում արդեն հասցրել էր բազում թշնամիներ ձեռք բերել: Նրա սկանդալային կերպարը, անկաշկանդ մեկնաբանությունները ստիպել էին շատերին երես թեքել նրանից: Ոչ միայն հակառակ ճամբարում գտնվող դեմոկրատները, այլև շատ համակուսակից հանրապետականներ խոստովանում էին, որ տանել չեն կարողանում Դոնալդ Թրամփին:
Մի խումբ քաղաքական գործիչներ պարզապես ծաղրում էին Թրամփին և ծիծաղում նրա հերթական անհեթեթ հայտարարության վրա, իսկ ոմանք էլ վիրավորանքներ էին հնչեցնում միլիարդատիրոջ հասցեին:
Բոլորովին վերջերս, օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Փենսիլվանիա նահանգում, խոստովանել էր Դոնալդ Թրամփին ծեծելու ցանկության մասին:
Նման հայտարարության պատճառը Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ձայնագրությունն էր, որի ընթացքում նա վիրավորական արտահայտություններ է հնչեցնում կանանց հասցեին և պատմում իր կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին, ինչպես նաև հայտարարում, որ իրեն ամենինչ կարելի է, քանի որ ինքն աստղ է:
Բայդենը հայտարարել էր, որ կցանկանար Թրամփի հետ միջնակարգ դպրոցում սովորել և այդ դեպքում Թրամփին մարզասրահ կտաներ, որտեղ ամերիկացի աշակերտները հարաբերություններ են պարզում:
Իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը (2001-2005թթ.) Թրամփին ոչ ավել ոչ պակաս «ազգային աղետ» էր որակել:
«Նա ողջ երկրի խայտառակությունն է: Ինձ այնքան է զայրացնում, որ այս երկիրը հասել է այն վիճակի, որ նրա պես հիմարը բարձրացել է այդ աստիճանի: Ես շատ եմ ամաչում, որ մենք դրան ենք հասել», - ասել էր Փաուելը:
Սակայն, քաղաքական գործիչներից ոչ պակաս զայրացկոտ դուրս եկան նաև հանրահայտ աստղերը:
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ռոբերտ դե Նիրոն տեսահոլովակ էր ձայնագրել, որտեղ խիստ վիրավորական խոսքեր էր ուղղում Դոնալդ Թրամփի հասցեին:
«Նա անհավատալիորեն հիմար է, նա փսլնքոտ է, նա շուն է, նա խոզ է, նա խարդախ է: Նա կարծում է, որ խաղում է հասարակության հետ, նա հարկեր չի վճարում: Նա հիմար է», - բարկացել էր դե Նիրոն, - «Ինձ անհանգստացնում է ուղղությունը, որով շարժվում է երկիրը, Դոնալդ Թրամփի հետ մենք կգնանք սխալ ուղղությամբ»:
Սիրված երգչուհի Շակիրան իր թվիթերյան էջում գրել էր՝ «Այս դարում ոչ ոք չպետք է աջակցի նման անկիրթ և անքաղաքավարի անձնավորությանը», իսկ դերասան Ահարոն Պոլը շատ հակիրճ էր ձևակերպել. «Թանկագին Դոնալդ Թրամփ, դուք հիմա՛ր եք:»
Որոշ աստղեր նույնիսկ խոստացել էին արտագաղթել երկրից Թրամփի նախագահ դառնալու պարագայում: Ջոնի Դեպի և Վանեսսա Պարադիի դեռահաս դուստրը՝ մոդել Լիլի-Ռոուզ Դեպը պատրաստվում է Ֆրանսիա մեկնել մշտական բնակության, իսկ դերասան Արմի Համերը՝ Կարիբյան կղզիներ: