Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, ով պատվիրակների (ընտրիչների) ձայների քանակով պարտվել է ընտրությունները հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, ընտրողների ավելի շատ ձայներ է ստացել, հայտնում է CNN-ը: Այսպես, Դոնալդ Թրամփը ստացել է պատվիրակների 289 ձայն, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 218: Սակայն ընտրողների ձայների քանակով Քլինթոնն իր մրցակցից առաջ է անցել 0,1 տոկոսով:
Սա ԱՄՆ պատմության մեջ 5-րդ դեպքն է, երբ նախագահական ընտրություններում հաղթում է ընտրողների ավելի քիչ թվով ձայն ստացած թեկնածուն: Նման ելք են ունեցել 2000 թվականի ընտրությունները, երբ հաղթեց Ջորջ Բուշ կրտսերը, 1824, 1876 և 1888 թվականների ընտրությունները:
Սա հնարավոր է դառնում ԱՄՆ-ում գործող նախագահի ընտրության երկաստիճան համակարգի պատճառով: Այսպես, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քաղաքացիները քվեարկում են ոչ թե թեկնածուի, այլ ընտրիչների օգտին, որոնց ցանկը նախապես համաձայնեցված է լինում: Նշենք, որ ընտրողների մեծ մասը նույիսկ պատկերացում չունի, թե ովքեր են նրաք: Կախված նրանից, թե կոնկրետ նահանգում որ թեկնածուն է ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունն, այդ նահանգի բնակչության թվաքանակով պայմանավորված բոլոր պատվիրակների ձայները տրվում են այդ նահանգում հաղթող թեկնածուին: Բացառություն են Նեբրասկա և Մեյն նահանգները, որտեղ յուրաքանչյուր ընտրողի ձայն տրվում է նախընտրած թեկնածուին:
Ընտրիչների կոլեգիայի անդամների թիվը սահմանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի անդամների համապատասխանությամբ, որն այս պահին հասնում է 538-ի, և հետևաբար ընտրիչների առնվազն 270-ի ձայները ստանալու պարագայում թեկնածուն հռչակվում է երկրի նախագահ: Ընտրիչների կոլեգիայի ամենաքիչ ձայներ ունեցողը մայրաքաղաք Վաշինգտոնն է (3), իսկ ամենաշատը` Կալիֆորնիան (55): Արդյունքում ստացվում է այնպես, որ այն թեկնածուն, ով համագումարում ստացել է ընտրողների թվով ավելի շատ ձայներ կարող է պարտվել ընտրություններում:
Նշենք, որ ընտրիչների համակարգը ստեղծվել է 1787 թվականին: Այն ժամանակ ԱՄՆ-ում կուսակցություններն այսքան հզոր չէին, չկային հաղորդակցության զարգացած միջոցներ, չկային համազգային լրատվամիջոցներ: Արդյունքում՝ թեկնածուի համար բավականին դժվար էր համազգային ճանաչում ստանալը: Միևնույն ժամանակ նման համակարգի ներդումը հնարավորություն էր տալիս խուսափել այն իրավիճակից, երբ բնակչությամբ ավելի մեծ նահանգների թեկնածուները միայն կարող էին դառնալ նախագահ: Սակայն այժմ այս չափորոշիչները կարևոր չեն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հետազոտական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում ամերիկյան օրենսդիրները դիտարկել են երկրի ընտրական համակարգում փոփոխություններ նախատեսող Սահմանադրական փոփոխության մասին 700 օրինագիծ: Առկա համակարգի քննդատները, մասնավորապես, նշում են, որ այն հնացած է՝ քանի որ երկրի ճակատագիրը որոշում են ոչ թե նրա քաղաքացիները, այլ ընտրիչները: Սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների մեծամասնությունը ևս հանդես է գալիս նախագահի ուղիղ ընտրությունների օգտին, սակայն, ենթադրվում է, որ այս համակարգը դեռ երկար կգործի, քանի որ այն մեծացնում է փոքր նահանգների՝ դաշնային իշխանության վրա ունեցած ազդեցությունը: